Ամերիկայի հայտնաբերման մասին Քրիստափոր Կոլումբոսի նկարազարդված նամակի հազվագյուտ պատճենը (1451-1506) ԱՄՆ-ում աճուրդի ժամանակ 751,5 հազար դոլարով վաճառվել է: Սա ռեկորդային բարձր գին է նման իրերի աճուրդների ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Նյու Յորքի «Bonhams» առեւտրի տան մամուլի ծառայության ղեկավար Կիմ Սուն Խիին:

Bonhams- ի տվյալներով՝ 1493-ին Կոլումբոսի նամակը առնվազն 12 անգամ տպագրվել է Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում եւ Նիդերլանդներում, իսկ 1494-1497-ին՝ 6 անգամ: Առաջին հրատարակությունը 1493-ին տպագրվել է Բարսելոնայում: Առաջին պատկերազարդ հրատարակությունը տպագրվել է նույն տարվա ընթացքում Բազելում:

Աճուրդում վաճառված օրինակը  Բազելում տպագրված երկրորդ պատկերազարդ հրատարակությունն է եւ թվագրված է 1494 թվականի ապրիլի 21-ին: Վերջին 80 տարիների ընթացքում այս հրատարակության միայն չորս օրինակներն են աճուրդի հանվել: