Շարքային քաղաքացու կյանքի բարելավում տեսնելու համար պետք է նայել սպառման ցուցանիշներին, որովհետեւ կյանքը բարելավվում է սպառման միջոցով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Այս տարվա առաջին եռամսյակում սպառումն աճել է: Եթե տնտեսության մեջ լինում է տնտեսական ակտիվություն, եւ տնտեսավորղները ստեղծում են եկամուտներ, հետագայում այդ եկամուտները վերաբաշխվում են: Հետեւաբար, եթե 2018-ին ունենում ենք 4,3 տոկոսի տնտեսական աճ, դա, բնականաբար, ազդելու է բնակչության սպառման մակարդակի վրա: Մենք կանխատեսում ենք սպառման աճ շուրջ 3 տոկոս»,-ասաց նախարարը:
Հարցին, թե պաշտոնական տվյալներով ՀՀ բնակչությունը նվազում է, պետական պարտքն աճում է, մեզ դեֆոլտ չի՞ սպառնում, Վարդան Արամյանը բացասական պատասխան տվեց. «Դեֆոլտ ունենալու համար պետք է նախ խնդիրներ ունենանք լիկվիդայնության հետ, այսինքն մեր գրպանի կանխիկը չբավարարի մեր ընթացիկ պարտավորություններն իրականացնելու համար: Իսկ մեր ընթացիկ պարտավորությունները գնահատելու համար պետք է տեսնենք, թե մեր պարտքի միջին տեւողությունն ինչքան է: Ներքին պարտքի մասով դա 8 տարուց ավելի է, իսկ մեր միջնաժամկետ թիրախներն այնպիսին են, որ կարող ենք առաջիկա 3-4 տարիներին պահել այդ 8 տարվա ցուցանիշը: Արտաքին պարտքի համար այդ ցուցանիշն ավելի մեծ է՝ 17-18 տարի է: Հետեւաբար դեֆոլտի վտանգ չկա»:




























