2018 թվականի համար սոցիալական ծախսերի փոփոխություն, թոշակների, աշխատավարձերի աճ չի նախատեսվում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նրա խոսքով, կառավարությունը նախ ցանկանում է կայունացնել տնտեսական հնարավորությունները եւ պոտենցիալը. «Դրա հիման վրա մենք ձեռնամուխ կլինենք սոցիալական նոր պարտավորությունների ստանձնմանը: Կարեւորագույն ոսկյա կանոնն է, երբ մեկ անգամ դու ստանձնում ես սոցիալական պարտավորություն, քո սեփական եկամուտների միջոցով պետք է ունակ լինես անընդհատ վճարել եւ՛ թոշակները, եւ՛ աշխատավարձերը:
Հակառակ պարագայում, եթե տնտեսական պոտենցիալը եւ կարողությունները դեռեւս թույլ են, խիստ վտանգավոր է գնալ այդ քայլին, քանի որ, եթե չկարողանաս ապահովել միջինով 5 կամ 4 տոկոսանոց տնտեսական աճ, որպեսզի ընթացիկ պարտավորություններդ ապահովես, ստիպված ես լինելու վարկ վերցնել ու տալ թոշակը եւ աշխատավարձը, ինչի դեպքում մեր ազգաբնակչության հանդեմ նվազագույնը կլինենք անազնիվ»,-ընդգծեց Արամյանը:




























