ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 29-ի նիստում դրական եզրակացություն է տվել Հայաստանի «Երեւանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում կատարված փոփոխությունների եւ լրացումների օրենսդրական փաթեթին:

Հանձնաժողովի 5 անդամները օրենսդրական փաթեթին կողմ են քվեարկել, դեմ՝ երեքը, ձեռնպահ ոչ մի ձայն չի եղել: «Հարցը՝ դրական եզրակացությամբ կմտնի ԱԺ լիագումար նիստ»,- հայտարարել է հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը: 

Փաթեթն ընդունելուց հետո Երեւանի ավագանիի խմբակցությունները կզրկվեն տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորությունից: «Ելք» դաշինքի պատգամավոր Լենա Նազարյանը այս կապակցությամբ դժգոհություն հայտնեց. «Մենք սա որպես ժողովրդավարությունից հետքայլ ենք գնահատում»: Նա նաեւ նշեց, որ այս հարցը կբարձրացնի Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպումներում:

Այս հարցով հիմնական զեկուցող, տարածքային կառավարման եւ զարգացման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանն իր հերթին նշեց, որ իրենք էլ են դեսպաններին հանդիպում: