Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության (ԵԱՀ) ներդրումների եւ միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է Տնտեսական, գիտական եւ տեխնիկական համագործակցության հարցերով հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 5-րդ նիստի շրջանակում:
Կարեն Կարապետյանի խոսքով՝ պատվիրակության այցը նոր լիցք կհաղորդի թե՛ հայ-եգիպտական հարաբերությունների զարգացմանը, եւ թե՛ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին: Վարչապետը ողջունել է բարեկամ Եգիպտոսի տնտեսական հաջողությունների ապահովման գործում նախարար Նասրիի ակտիվ դերակատարությունը եւ նշել, որ առկա են անհրաժեշտ նախադրյալները՝ երկկողմ համագործակցությունը ակտիվացնելու համար: «Առավելագույնս ուշադիր ենք լինելու մեր երկու երկրների հարաբերությունների ակտիվացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին, եւ միջկառավարական հանձնաժողովի այսօրվա նիստը, որը վերջին անգամ տեղի էր ունեցել 2005 թ., լավ առիթ է, որպեսզի նոր լիցք հաղորդենք փոխգործակցությանը», - ասել է կառավարության ղեկավարը: Վարչապետը նշել է, որ Հայաստանը լավ հարթակ է ոչ միայն տեղական, այլեւ երրորդ շուկաներում ներդրումային ծրագրեր նախաձեռնելու համար:
Եգիպտոսի ներդրումների եւ միջազգային համագործակցության նախարարը գոհունակություն է հայտնել այսօր կայացած միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստի շրջանակում համատեղ քննարկումների ընթացքից, արդյունքներից եւ ձեռք բերված պայմանավորվածություններից: «Մենք քննարկել ենք բոլոր այն ոլորտներում համագործակցության հնարավորությունները, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում՝ տնտեսություն, զբոսաշրջություն, մշակույթ, կրթություն, առողջապահություն: Դրա նպատակը մեր երկրների միջեւ առեւտրատնտեսական եւ ներդրումային հարաբերությունների հետագա խորացումն է», - ասել է Սահար Նասրը: Նշելով, որ ծանոթ է ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումների ծրագրին՝ նախարար Նասրը տեղեկացրել է, որ Եգիպտոսի տնտեսական համակարգում եւս այժմ լուրջ ռեֆորմներ են տեղի ունենում, նոր մոտեցումներ եւ ծրագրեր են մշակվում, եւ միջկառավարական հանձնաժողովի նիստը հենց այս շրջանում անցկացնելը տնտեսական համագործակցությունը խթանելու բավական հարմար առիթ է:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել առեւտրատնտեսական կապերի ակտիվացման հետագա քայլերի, ազատ տնտեսական գոտիների շրջանակում, գործակցության եւ զբոսաշրջության ոլորտում առկա ներուժի լիարժեք իրացման հնարավորությունների, ճանաչողական փոխայցեր կազմակերպելու եւ այլ հարցերի շուրջ:
Վարչապետ Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո կայանալիք գործարար համաժողովը եւս արդյունավետ հարթակ է՝ երկու երկրների ներդրումային հնարավորություններին ծանոթանալու եւ առարկայական ծրագրերը քննարկելու համար:




























