ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ընդունել է Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Հրազդան-Շինուհայր օդային գծի կառուցման կապալառու հնդկական «Կալպառու» ընկերության միջազգային նախագծերի բիզնես զարգացման գծով գլխավոր տնօրեն Փյունիթ Խեյրի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության տեղեկատվության եւ  հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, հանդիպմանը մասնակցել է նաեւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչը։ Քննարկվել են էլեկտրահաղորդման գծի շինարարության ընթացքին վերաբերող մի շարք հարցեր։

Կապալառու կազմակերպության ներկայացուցիչը նախարարին ներկայացրել է աշխատանքների կատարման ընթացքը։ Մասնակիցներն անդրադարձել են ծրագրի շրջանակներում առկա տեխնիկական եւ ֆինանսական խնդիրներին։ Քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ կողմերը եկել են փոխհամաձայնության։

Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» էլեկտրահաղորդման շուրջ 230 կմ երկարությամբ օդային գիծը միացնում է էներգահամակարգի երկու արտադրող կայանները՝ «Հրազդան ՋԷԿ»-ը եւ Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը։ Ծրագրի իրականացումը նպատակ ունի բարելավել էներգահամակարգի հուսալիությունը, բարձրացնել թողունակությունը եւ նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստները: Ծրագրի իրականացման աշխատանքները մոտենում են ավարտին։