Անտարկտիդայի ծովային սառուցյալ վահանում հայտնվել է Հյուսիսային Ամերիկայի Վերին լճի մեծության անցք։ Motherboard-ի հետ զրույցում այս մասին պատմել են Կանադայի Տորոնտոյի համալսարանի գիտնականները։
Հետազոտողների խոսքով՝ սառցազուրկ մեծ տարածություններ հիմնականում հայտնվում են սառույցի եւ ծովի հարաբերական սահմանի վրա, սակայն նոր գոյացությունը գտնվում է այդ բաժանարար գծից հարյուրավոր կիլոմետրեր այն կողմ։ Դա վկայում է այն մասին, որ այն հայտնվել է անհայտ գործընթացների արդյունքում։
Սառցազուրկ գոյացությունը հայտնվել է 2017 թվականի սեպտեմբերի 9-ին Ուեդդելի ծովի շրջանում, սակայն սառցաշերտի մեջ փոսեր նախկինում էլ են նկատվել։ Այսպես, XX դարի 70-ական թվականներին նույն տեղում հայտնվել էր սառցազուրկ մեկ այլ գոյացություն, սակայն արբանյակային միջոցների բացակայության պատճառով այն չուսումնասիրված է մնացել։ Հաջորդ 40 տարիների ընթացքում ծովի սառցային շերտն ամբողջական է մնացել։
Հետազոտողները կարծում են, որ դեռ վաղ է ասել, որ ծովային սառույցի մեջ առաջացած անցքն առաջացել է կլիմայական գլոբալ փոփոխությունների հետեւանքով։ Սակայն արդեն հայտնի է, որ այն ազդում է ծովի կոնվեկցիայի վրա, ինչի հետեւանքով տաք ջուրը մակերեւույթ կբարձրանա եւ կխոչընդոտի անցքի անհետացմանը, հաղորդում է Lenta-ն։


























