Զիմբաբվեի ավելի քան 50 քաղաքացիներ դահճի պաշտոնին ընդունվելու դիմում են ներկայացրել, որը 10 տարուց ավելի թափուր է: Այս մասին հայտնում է տեղական NewsDay պարբերականը՝ վկայակոչելով երկրի արդարադատության փոխնախարար Վիրջինիա Մաբհիզային:
Զիմբաբվեում մահապատիժն իրականացվում է կախաղանի միջոցով: Բարձրագույն պատժաչափը վերջին անգամ կիրառվել է 2005 թվականին, սակայն իշխանությունները չեն հայտարարել մահապատժի մորատորիումի մասին:
«Մարդիկ անչափ հետաքրքրված են: Թափուր տեղին արձագանքը ցնցող էր, մենք հայտեր ենք ստացել ինչպես տղամարդկանցից, այնպես էլ կանանցից, որոնք ցանկանում են զբաղեցնել դահճի պաշտոնը: Մի քանի ամսում մենք ավելի քան 50 դիմում ենք ստացել»,- նշել է փոխնախարարը: Նա չի հայտնել, թե երբ կորոշեն թեկնածուին:
Պարբերականը նշում է, որ Զիմբաբվեի արդարադատության նախկին նախարար Էմերսոն Մնանհագվան մահապատժի համոզված հակառակորդ էր, սակայն նրան հաջորդած Հափիթոն Բոնիոնհվեն այս հարցի կապակցությամբ իր դիրքորոշումը դեռեւս չի հայտնել:




























