Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը աշխարհում ամենաբարդ հակամարտություններից մեկն է: Այս մասին «Վոեննի դիպլոմատ» կայքին տված հարցազրույցում ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։
Նրա խոսքով՝ այս հակամարտությունում միահյուսվում են մի ամբողջ շարք բարդագույն պատմական, աշխարհաքաղաքական, իրավական, արժեքային ասպեկտներ, եւ հասկանալի է, որ հակամարտության համընդգրկուն կարգավորումը ոչ միայն բարդ խնդիր է, այլ նաեւ ժամանակատար: Ըստ որում՝ հակամարտության կարգավորման ժամկետի արհեստական կրճատումը անկանխատեսելի հետեւանքներով է հղի ոչ միայն մեր տարածաշրջանի, այլ ընդհանրապես գլոբալ անվտանգության համար:
«Դրա հետ մեկտեղ, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումն անհրաժեշտ է քննարկել 2 հարթություններում: Առաջինը բանակցային գործընթացն է, որն ուղղված է վերջնական, առանց բացառության հակամարտության բոլոր կողմերի համար ընդունելի կարգավորման տարբերակի հասնելուն եւ դրա իրավաբանական ձեւակերպմանը: Հենց այս ուղղությունն է առավել բարդը եւ ժամանակատարը, որի համար առաջին հերթին անհրաժեշտ է բանակցային ձեւաչափի լիարժեք վերականգնում՝ բոլոր փուլերում պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությամբ, եւ տքնաջան աշխատանք, ինչպես արդեն ասացի, հակամարտության բոլոր կողմերի համար ընդունելի փաստաթղթի մշակման համար: Այս ուղղությամբ առաջընթացի հասնելու հիմնական, կարելի է անգամ ասել՝ միակ խոչընդոտը Ադրբեջանի ագրեսիվ եւ ռեւանշիստական դիրքորոշումն ու քաղաքականությունն է:
Երկրորդ հարթությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության եւ կայունության պահպանումն է, առանց որի անհնար է հասնել հակամարտության համընդգրկուն կարգավորման: Եվ այս հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեծ աշխատանք են կատարում, որը բանակցային գործընթացի համեմատությամբ պակաս հրապարակային է: Հնարավոր է՝ հենց այս պատճառով կարող է սխալ տպավորություն ստեղծվել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը փակուղում է»,- նշել է Բակո Սահակյանը:




























