Ադրբեջանը միայն մեկ ձեւով է պատկերացնում հարցի լուծումը. ոչ մի զիջում չանելով, հարցը պետք է կարգավորվի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցությսն ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Բնականաբար, ամեն անգամ հանդիպումների ժամանակ բախվում է պատին, նորից գալիս է իր ելակետին, այսինքն հարցը լուծի ուժային միջոցներվո, պատերազմով, վախեցնելով, շանտաժի լեզվով»,-ասաց Ռուստամյանը:
Դիտարկմանը, որ հոկտեմբերի 16-ին, Ժնեւում կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո ՀՀ նախագահը հայտարարեց, որ սահմաններում լարվածությունը թուլացնելու մասին համաձայնության են եկել ադրբեջանցի գործընկերոջ, սակայն այդ պայմանավորվածությունից օրեր անց, Ադրբեջանն անցավ իր նախկին գործելաոճին, ՀՅԴ խմբակցության ղեկավարն արձագանքեց. «Շատ հստակ է, կամ բանակցում ենք, կամ պատերազմում ենք: Ադրբեջանը փորձում է այդ երկուսը համատեղել, ինչն անհնար է: Բնականաբար, մեր արձագանքն էլ շատ հստակ պետք է լինի: Մենք երկու դաշտում էլ պետք է աշխատենք, երկուսին էլ պետք է պատրաստ լինենք»:
Հարցին, որ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը շատ լավատեսորեն էր տրամադրված, ժպտում էր, արդյոք չգիտե՞ր Ադրբեջանի նախագահի այդ վարքագծի մասին, Ռուստամյանը արձագանքեց. «Է, ժպտալն արգելվա՞ծ է: Լավատեսության հիմքն այն է եղել, որ հանդիպման ժամանակ Ալիեւի պահվածքը բոլորովին այլ է եղել, ենթադրում եմ: Փորձը ցույց է տալիս, որ հանդիպումների ընթացքում Ադրբեջանը այլ պահվածք է դրսեւորում, իսկ հանդիպումների ավարտից հետո վերադառնում է իր ելման կետին»:



























