Երկուսուկես տարի առաջ, երբ ես Հայաստան ժամանեցի, շատ մտահոգիչ էր ինձ համար այն փաստը, որ չկար վստահություն ընտրական համակարգի նկատմամբ, եւ մարդիկ չէին հավատում, որ հնարավոր է քվեարկության միջոցով ինչ-որ բան փոխել։ Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նշել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Նրա խոսքով, աշխատելով կառավարության, նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետի հետ՝ տեսել է, որ նրանք նկատել են այդ հանգամանքը, եւ հենց նրանք էին, որ դիմել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը, Եվրամիությանը՝ խնդրելով միջոցներ առաջարկել՝ 2017 թվականի ընտրությունների նախաշեմին վստահության ճգնաժամը մեղմելու նպատակով։

«Մենք աշխատեցինք կառավարության հետ, աշխատեցինք ընդդիմության հետ, նաեւ կառավարությունն ու ընդդիմությունը միմյանց հետ համագործակցեցին՝ նոր կանոնների, նոր ընտրական օրենսդրության ձեւավորման շուրջ, ապա քայլեր իրականացվեցին նոր գործընթացների ձեւավորման ուղղությամբ, ինչպես օրինակ, կենսաչափական տվյալների պահանջը, նաեւ ստորագրված ընտրացուցակները հրապարակելու դրույթը կիրառվեց։ Դրանք մասամբ փակում էին այն պահանջները, որոնք առաջ էին քաշվում ընդդիմության կողմից։

Եվ միջազգային հանրությունն էլ, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունն էլ, Եվրամիությունն էլ կարողացան արագ արձագանքել ու աջակցել, ինչի արդյունքում քվեարկության օրվա աշխատանքները, դրանց կազմակերպումը բավականին լավ իրականացվեցին։ Արդյունքը եղավ այն, որ քվեարկության ընթացքն ընդունվեց բոլորի կողմից՝ թե′ ընդդիմության, թե′ կառավարության։ Կարծում եմ, նաեւ Հայաստանի քաղաքացիներն էլ ընդունեցին, որ քվեարկության օրն ամեն ինչ եղավ ճշգրիտ եւ արդար»,-ասել է ԱՄՆ դեսպանը:

Այդուհանդերձ, ըստ Միլսի, քվեարկությանը նախորդող ժամանակահատվածում, անշուշտ տեղի ունեցան երեւույթներ, որոնք անընդունելի էին՝ ընտրակաշառքների հետ կապված դեպքեր, աշխատողների նկատմամբ ճնշումներ, որոշ թեկնածուների օգտին քվեարկելու պարտադրանք. «Դրանք բոլորը խիստ մտահոգիչ հարցեր էին։ Մենք, բնականաբար, այդ խնդիրների վերաբերյալ հանդես եկանք հայտարարություններով, սակայն ուզում եմ նշել, որ այս վերջին ժամանակահատվածում նկատելի է, որ կառավարության կողմից միջոցներ են ձեռնարկվում այդ երեւույթները կարգավորելու ուղղությամբ, օրենքներ են մշակվում, որոնք առնչվում են ընտրական կաշառքներին, ընտրողների նկատմամբ ճնշումների հարցերին։ Ուրախալի կլինի, եթե այդ օրենքներն ընդունվեն եւ առավել քան ուրախալի կլինի, եթե այդ օրենքները կյանքի կոչվեն։

Եվ ես դրականորեն եմ տրամադրված։ Իհարկե, հաշվետվողականության, թափանցիկության մեծացման ուղղությամբ քայլերը պետք է շարունակվեն, մենք որոշակի դրական տեղաշարժեր ապրիլին տեսել ենք, դրանք պետք է շարունակվեն, քանի որ դա այն է, ինչին հայաստանյան հասարակությունը ձգտում է»: