Ապրիլյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Արամայիս Միքայելյանի ընտանիքը կենցաղային խնդիրներ ունի:
Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում Միքայելյանները բնակվում են «աշխարհից կտրված», ինչպես մայրն է սիրում ասել, ամայի տարածքում՝ բնակչությունից հեոու:
«Տուն էինք սարքում, բայց Արամայիսիցս հետո կիսատ թողեցինք, սիրտ չունենք շինարարությունը շարունակելու… գազ չունենք, էլեկտրականություն չունենք: Գազի մասին մեզ ասացին, որ հնարավոր չէ: Հոսանքի համար դիմեցի Էջմիածնի քաղաքապետին, խոստացավ հարցը լուծել, բայց առ այօսր պատասխան չկա, ընդամենը երկու փողոցից այն կողմից հոսանքի լարեր են հասցրել մեր տուն, որ գոնե ժամանակավորապես հոսանք ունենանք: Սպասում ենք պետության աջակցությանը, ասում են՝ պետական աջակցություն, չկա նման բան, մենք անընդհատ պիտի ասենք, անընդհատ դիմենք, լավ, ինչքա՞ն քո երեխայի անունը դարձնես դրոշակ ու դիմես մարդկանց, զոհված զինծառայողների ընտանիքներին օգնելն իրենց աշխատանքը պետք է լինի: Թող մի օր դուռս ծեծեն ու հարցնեն՝ Լիլիթ, ինչի՞ կարիք ունես»,- 1.5 տարի լռելուց հետո դառնացած ասում է զոհված զինծառայողի մայրը՝ Լիլիթ Ավագյանը:
Սոցիալական խնդիրներին Արամայիսի զոհվելուց հետո ավելացել է նաեւ Լիլիթ Ավագյանի առողջական խնդիրները: Նա ստիպված օգտվում է վճարովի բուժօգնությունից, որովհետեւ Պաշտպանության նախարարության տված թղթով հնարավոր է բուժվել միայն հատուկենտ հիվանդանոցներում: 45-ամյա Լիլիթ Ավագյանը պատմում է, որ այնպիսի հիվանդություններ ունի, որ անվճար ոչ մի հետազոտությունից օգտվել չի կարող: Այս ամիսների ընթացքում միակ օգնությունը պետությունից եղել է Արմավիրի մարզպետարանի կողմից. միջնորդել են՝ Լիլիթ Ավագյանը գյուղի դպրոցում դասավանդում է:
«Երբեք չեմ աշխատել, Արամայիսիցս հետո աշխատանք գտան ինձ համար, որ գոնե դուրս գամ, ցրվեմ: Դժվար եմ կտրվում որդուս անկյունից, լուսանկարից…»,- ասում է մայրը:
Արամայիս Միքայելյանը տան ավագն էր, քանդակագործությամբ էր զբաղվում, սիրում էր խաչքարեր քանդակել: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Երեւանի «Հայբուսակ» համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, ապա զորակոչվել բանակ: Որդու զոհվելու մանրամասների մասին տիկին Լիլիթը դժվարությամբ է խոսում՝ չկարողանալով զսպել արցունքները, «Տղաս մարտի 31-ին իջել էր դիրքերից, հետո ապրիլի 1-ին կրկին դիրքերն էին բարձրացրել, ամենամոտ ընկերոջ հետ նույն խրամաբջիջում զոհվել են… որդուս մարմինը փակ դագաղով են բերել, բայց բարեկամներս խնդրել են, որ այդպես չբերեն, սիրտս չէր դիմանա…»:
Տիկին Լիլիթը հիշում է, որ որդին ռադիոտեխնիկա էր սովորել եւ երազում էր հենց այս ուղղությամբ ծառայել բանակում, բայց… նույնիսկ առողջական լուրջ խնդիրները հաշվի չէին առել եւ Արամայիսն առաջնագծում էր ծառայում:
«Որդիս մի շարք առողջական խնդիրներ ուներ, ասում էին՝ սահմանափակումով է լինելու ծառայությունը, բայց նման բան չի եղել: Տղաս երազում էր ռադիոկապի վրա ծառայել, բայց այդպես էլ երազանք մնաց… տղաս ասում էր՝ բանակը բերդ է բաց երկնքի տակ»,- ասում է մայրը:
Արամայիս Միքայելյանն ունի իրենից փոքր եղբայր, որը 2018թ. հունվարին պետք է բանակ զորակոչվի, սակայն, զինկոմիսարիատից հավաստիացրել են, որ նա ծառայության չի մեկնելու՝ հաշվի առնելով օրենքը:



























