Հյուսիսային Կորեան անցկացրել է բնակչության փորձնական զանգվածային տարհանում, ինչը կարող է կապված լինել պատերազմի նախապատրաստվելու հետ, հայտնում է NK News-ը:
Պորտալի տեղեկություններով՝ երկրի ամբողջ տարածքում վարժանքներն անցկացվել են վերջին շաբաթվա ընթացքում փոքր քաղաքներում: Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյանը վարժանքներին չի մասնակցել:
Նշվում է, որ Հյուսիսային Կորեան մշակել է գիշերվա ժամերին լույսի անջատումը, այսպես կոչված՝ «մթագնումը»: Նման միջոցառումը թույլ է տալիս հակառակորդի ուշադրությունը չգրավել:
Հյուսիսային Կորեայում վերջին անգամ նման միջոցառումներ են անցկացվել 2013 թվականին, նշել է պորտալը:
Շաբաթ օրը հրապարակվել են ԱՄՆ Կոնգրեսի Հետազոտական ծառայության զեկույցի տվյալները, որում նշվում է, որ Կորեական թերակղզում զինված հակամարտության վերսկսման դեպքում պատերազմի առաջին օրերին կզոհվի 30 հազարից մինչեւ 300 հազար մարդ: Պատերազմն անմիջականորեն կառնչվի 25 մլն մարդու, որոնք ապրում են սահմանի 2 կողմերում:




























