Հայաստանի ՔԿՀ-ներում կա սոցիալական անարդարության խնդիր, սոցիալապես ապահովված դատապարտյալները կարող են իրենց միջոցներով վերանորոգել եւ կահավորել իրենց խցերը. Բացի այդ խցերը գերբնակեցված են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում ուսումնասիրությունների արդյունքում հասարակական դիտորդական խմբի պատրաստած 2016 թվականի տարեկան զեկույցին նվիրված ասուլիսի ժամանակ նշել է Զեկույցի հեղինակներից իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը
Նրա խոսքով, խցերի գերբնակեցման պատճառով ունենք թույլատրելի թիվը գերազանցող 1100-ից ավելի կալանավոր տարվա ընթացքում:
Իր հերթին, ՔԿՀ-ներում կոռուպցիոն դրսեւորումների վերաբերյալ զեկուցող Ռուբեն Սարգսյանը խոսել է ՔԿՀ-ներում կոռուպցիոն դրսեւորումների մասին՝ նշելով, որ համաձայն 2016 թվականի տվյալների՝ մեկ հանձնուքի գինը կազմում է 30 000-80 000 դրամ, այնինչ 2013 թվականին հանձնուքի միջին արժեքը կազմում էր 10 000-30 000 դրամ։ Նրա խոսքով, տոնական օրերին հանձնուքի ընդհանուր արժեքը գերազանցել է 100 000 հազար դրամը:
Սարգսյանի խոսքով, ՔԿՀ-ներում գտնվող դատապարտյալներին նվազագույն փոխանցվող գումարը 20 000 դրամ է, ինչի համար ՔԿՀ աշխատակցին վճարվում է հավելավճար՝ փոխանցվող գումարի 10 տոկոսի չափով. «Ըստ հարցման արդյունքների՝ հավելյալ տեսակցության համար անհրաժեշտ է լինում վճարել 5000-10 000 դրամ: 2013 թվականին բջջային հեռախոսը ՔԿՀ-ներ մտցնելու գինը 5000-10 000 դրամ էր, իսկ 2016 թ-ին դարձել է 30 000 -50 000 դրամ»:
Անդրադառնալով այս վիճակագրությանը, քննարկմանը ներկա ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշեց. «Կոռուպցիա կա, բոլորս էլ գիտենք, բոլոր համակարգերում էլ կա, բայց հանձնուքների հատվածն այնպես ներկայացվեց, որ կածես բիզնես է դրված: Իրականում շատ դեպքերում այդ խնդիրները վերացված են: Մենք չենք կարող գնալ ամեն մեկի ձեռքից բռնել, բայց եթե վերացնենք կամ նվազեցնենք, այդ խնդիրը կվերանա։ Եթե ՔԿՀ-ների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման խնդիրը լուծենք, խնդիրը նվազագույնի կհասցվի»: Նա կարծիք հայտնեց, որ ժամանակի ընթացքում վերացվեն հանձնուքները եւ հնարավոր լինի փոխանցել միայն անձնական իրեր:



























