Չեխ գնագետները Սահարայի անապատում՝ Կահիրեից ոչ հեռու, տաճարների համալիր են հայտնաբերել, որը կառուցվել էր 3 հազար տարի առաջ 19-րդ դինաստիայի փարավոն Ռամզես 2-րդ Մեծի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ավազի տակ թաքնված՝ գիտությանն անհայտ հին եգիպտական տաճարային համալիրի փլատակները հայտնաբերվել են Աբուսիր էլ Մելեք գյուղի մոտ պեղումների ժամանակ։ Այն ստեղծվել էր 3 հազար տարի առաջ այստեղ գտնվող մեռյալների քաղաք Աբուսիրում»,- լրագրողներին հայտնել է Եգիպտոսում գործող չեխական հնագիտական խմբի ղեկավար Միրոսլավ Բարտան։
Հայտնաբերվել են մի քանի կառույց, որոնք զբաղեցնում են ֆուտբոլի դաշտի մակերեսով տարածք։
«Ռամզես 2-րդի տաճարների բացահայտումը Հին Եգիպտոսի հնագիտության ոլորտում վերջին տարիների խոշորագույն իրադարձությունն է։ Դրա գտնվելու վայրը՝ «մեռյալների քաղաքը», փարավոնի համար հատուկ նշանակություն ուներ։ Գիտնականները դեռ պետք է պարզեն, թե ինչու են այդ շինությունները հենց այստեղ կառուցվել»,- ասում է Միրոսլավ Բարտան։
Ռամզես 2-րդի կառավարման տարիները Հին Եգիպտոսի ճարտարապետության ծաղկման շրջանն էր։ Տաճարներն ու պալատները, որոնք կառուցվել էին փարավոնի օրոք, մասնավորապես գտնվում են Կահիրեի մոտակա Կարնակում եւ Հարավային Եգիպտոսի Աբու Սիմբլ քաղաքում։
Միաժամանակ գիտնականները պարզել են, որ համալիրը չհրկիզվող աղյուսից է պատրաստված։ Շինությունները զարդարված են կապույտ եւ երկնագույն զարդաքանդակներով։ Այս տեղեկությունները համալրում են Հին Եգիպտոսի ճարտարապետության մասին կարեւոր տեղեկությունները։
Նշենք, որ Ռամզես 2-րդ փարավոնը գահ էր բարձրացել 20 տարեկանում եւ կառավարել էր ցմահ՝ մինչեւ 90 տարեկան։ Հին Եգիպտոսի պատմության մեջ այդքան երկար իշխած կառավարիչ չի հիշատակվում։




























