Հանրապետության 69 համայնքներում ընտրություններ են լինելու, որոնցից 3-ում համայնքի ղեկավարի արտահերթ ընտություն է լինելու, իսկ 34-ը խոշորացված համայնքներն են: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԿՀԸ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանն՝ անդրադառնալով նոյեմբերի 5-ին կայանալիքն ՏԻՄ ընտրություններին:
«Քվեարկությունը կազմակերպվելու է նոր Ընտրական օրենսգրքի համաձայն, ինչը նշանակում է, որ տեղամասային կենտրոններում գրանցումը կիրականացվի տեխնիկական սարքավորումների օգնությամբ: Ընտրությունների օրը տեղամասային ընտրական հանձնաժողովներում կգործեն 800-ից ավել սարքավորումներ, որոնց միջոցով կլինի ընտրողների գրանցում, այսինքն՝ նույն եղանակն է, որ ԱԺ ընտրությունների ժամանակ էր»,- ասաց նա՝ հավելելով, որ ընտրական գործըթացներում կիրառված սաքավորումներն ամբողջ ծավալով կատարել են ԸՕ-ով սահմանված խնդիրները:
ԿԸՀ-ի նախագահը նշեց, որ ընտրական տեղամասեր լինելու է բոլոր բնակավայրերում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոշորացված համայնքներում ընդգրկված են բնակավայրեր, որոնք մեկը մյուսից բավականին հեռու են գտնվում:
Հարցին՝ ակտի՞վ կանցնեն ՏԻՄ-ընտրությունները, Մուկուչյանը պատասխանեց, թե կան համայնքեր, որտեղ ղեկավարի ընտրությանը մասնակցում է միայն մեկ թեկնածու եւ հակառակը՝ կան համայնքներ, որտեղ համայնքի ղեկավարի համար 3-ից ավել թեկնածուներ են մասնակցում. «Սա ենթադրում է, որ բավականին ակտիվություն կլինի: Միաժամանակ պետք է նկատել, որ շատ են եղել առաջադրումներն ավագանու անդամի թեկնածուների հետ կապված՝ մոտ 900 հարյուր թեկնածու, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր ավագանու թեկնածու ունի իր էլեկտորատը: Ենթադրում եմ համայնքների հիմնական մասում ակտիվ ընտրություններ կլինի»:
Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար գրանցվել է 11 տեղական հասարակական կազմակերպություն՝ մոտ 1000 դիտորդներով:



























