Բռնաբարությունը եգիպտացիների «ազգային պարտքն» է: Այս մասին հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարել է եգիպտացի իրավաբան եւ փաստաբան Նաբի ալ Վահշը, հայտնում է The Independent-ը:

Իրավաբանի վրդովմունքն է առաջացնում ժամանակակից երիտասարդ աղջիկների արտաքին տեսքը: Նրան մասնավորապես դուր չեն գալիս պատառոտված ջինսերը: Նրա կարծիքով՝ «այսպիսի աղջիկների նկատմամբ ոտնձգություն կատարելը հայրենասիրական պարտք է, բռնաբարելը՝ ազգային պարտք»:

Եգիպտոսի կանանց հարցերով ազգային խորհուրդը հայտարարել է, որ բողոքելու է ալ Վահշի արտահայտությունների դեմ: Նշում են, որ նրա արտահայտությունները խախտում են Եգիպտոսի Սահմանադրությունը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Կահիրեն ճանաչվել է կանանց համար աշխարհում ամենավտանգավոր քաղաքը: Այն վատագույնն է կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների եւ բռնաբարությունների մեծ վտանգի պատճառով: