ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին նշվում է Սենդվիչի միջազգային օրը։ Որպես ուտեստ՝ սենդվիչի պատմությունը սկսվում է անհայտ ժամանակներից։ Հայտնի է, որ դեռեւս 1-ին դարում հրեա Հիլել Բաբելոնցին զատկի ավանդույթ էր դարձրել մանրացրած խնձորից եւ ընկույզից պատրաստված խյուսը փաթաթել մացայի մեջ։ Այդ ուտելիքը խորհրդանշում էր հրեա ժողովրդի տառապանքները։

Իսկ միջնադարում գոյություն ուներ ավանդույթ խաշած միսը մատուցել չոր հացի մեծ կտորների վրա, որոնք ներծծում էին մսի հյութը եւ դառնում էին շատ հագեցնող։ Դրա հաշվին հնարավոր էր լինում միս խնայել։

Այդ ուտեստն իր անվանումը ստացել է ի պատիվ անգլիացի դիվանագետ եւ պետական գործիչ, Սենդվիչի 4-րդ կոմս Ջոն Մոնտեգյուի։

Տարածված վարկածի համաձայն՝ Մոնտեգյուն հայտնաբերել էր սենդվիչը՝ քարտախաղի ժամանակ արագ սնվելու համար։ Նա մոլի խաղացող էր եւ խաղալիս էլ սնվում էր։ Նրա սեղանակիցները բողոքում էին, որ նա միսը վերցնելուց հետո յուղոտ մատերով կեղտոտում է քարտերը։ Այդ ժամանակ նա իր սպասավորին հանձնարել էր միսը մատուցել 2 կտոր հացի արանքում դրված։ Այդպես ծնվել էր նոր ուտեստի անվանումը։