Անտարկտիդայի մերձափնյա 2 խոշորագույն սառցադաշտերը արագությամբ սահում են Ամունդսենի ծով: Այս մասին հայտնել է The New York Times-ը:

Եթե դրանք վերջնականապես հալվեն, Համաշխարհային օվկիանոսի մակարդակը մի քանի 100 տարում կբարձրանա մոտ մեկ մետրով:

Այսպիսի կանխատեսմամբ է հանդես եկել The New York Times պարբերականը՝ հրապարակելով արբանյակային լուսանկարների շարք, որոնցում պատկերված են վերջին 2 տարում Pine Island Glacier եւ Thwaites Glacier սառցադաշտերի  եզրակտորները:

«Սա ծովի ջրի տաքացման հետեւանք է, որը ողողում է սառցի զանգվածները»,- կարծում է Քալիֆորնիայի համալսարանի կլիմայի փոփոխությունների հարցերով մասնագետ Էրիկ Ռիգնոն:

Գիտնականի կարծիքով՝ անտարկտիդական այս սառցադաշտերի հալչելու պրոցեսը ապագայում, կլիմայի գլոբալ տաքացման պամաններում կարող է 2-3 անգամ արագանալ: Ըստ որում՝ նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս 2 սառցադաշտն էլ արդեն հիմա Անտարկտիդայում այսբերգների առաջացման ամենախոշոր աղբյուրն են համարվում: