Հայաստանում նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրությունների նախնական ընտրությունները հայտնի են: Ըստ այդմ, թվով 69 համայնքներում անցկացված ընտրություններում որպես կանոն ընտրվել են ՀՀԿ-ի թեկնածուները, իսկ որոշ համայնքներում ինքնաառաջադրված թեկնածուները:
Նշենք, որ ընտրությունների 5-րդ օրը՝ նոյեմբերի 10-ին, կհրապարակվեն ընտրությունների վերջնական արդյունքները:
Եւ այսպես, Գորիսի քաղաքապետ է ընտրվել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, 26-ամյա Առուշ Առուշանյանը, ով ստացել է 13 164 ընտրողներից 12 945-ի աջակցությունը: Երկրորդ թեկնածուն՝ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի օգտին քվեարկել է ընդամենը 56 ընտրող: Նշենք, որ Գորիսում ընտրողների թիվը 22 148 է, սակայն ընտրություններին մասնակցել է 13 163 քաղաքացի։ Սամվել Հարությունյանը հայտնի է նրանով, որ նախկինում ամենախիստ քննադատության էր ենթարկում նախկին մարզպետ Սուրիկ խաչատրյանին, իսկ ներկայումս նրա խորհրդականն է:
Սյունիքի մարզի Կապան համայնքում 12 538 քվեով ընտրվել է միակ թեկնածու, ՀՀԿ-ական, համայնքի գործող ղեկավար Աշոտ Հայրապետյանը, սակայն 5073 ընտրող նրան դեմ է քվեարկել:
Նույն մարզի Սիսիան քաղաքում ընտրվել է միակ թեկնածուն, գործող քաղաքապետ Արթուր Սարգսյանը: Նա ստացել է 10 457 ձայն: Հատկանշական է, որ նրա մրցակից, ԲՀԿ-ից առաջադրված Կարեն Համբարձումյանը, քարոզարշավի վերջին օրերին հանեց իր թեկնածությունը, սակայն նրա անունը մնացել էր քվեաթերթիկում: Նրա օգտին քվեարկել է 1922 ընտրող:
Քաջարան քաղաքում եւս վերընտրվել է համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ-ից առաջադրված հանրապետական Մանվել Փարամազյանը: Նա ստացել է 4 232 ձայն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին, Հայաստանի 69 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ: Ընտրություններին մասնակցել է 243 335 ընտրող, կամ` ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 50,06 %-ը։ Ըստ նախնական արդյունքների, որպես կանոն ընտրվել են ՀՀԿ-ի թեկնածուները, իսկ որոշ համայնքներում ինքնաառաջադրված թեկնածուները:
Մասնակցության ամենաբարձր՝ 78.33 տոկոս ցուցանիշը գրանցվել է Ենոքավան համայնքում: Իսկ ամենացածր մասնակցության ցուցանիշը՝ 15,42 տոկոս, գրանցվել է Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում:
Նշենք, որ ընտրությունների 5-րդ օրը՝ նոյեմբերի 10-ին, կհրապարակվեն ընտրությունների վերջնական արդյունքները:


























