Շիրակի մարզում, նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում խոշորացված Մարմաշեն և Ախուրյան համայնքներում ղեկավարներ են ընտրվել դաշնակցական թեկնածուները:

ԿԸՀ-ի փոխանցմամբ, ընտրությունների նախնական արդյունքներով, 4 թեկնածուներից հաղթանակ է տարել ՀՅԴ-ական Կարեն Արշակյանը,. Ով ստացել է 8 864 ընտրողներից 1 463 ընտրողի ձայները: ՀՀԿ-ական երկու թեկնածուներն էլ պարտվել են. Թորգոմ Սահակյանը ստացել է 1 289 ձայն, Աշոտ Եղոյանը՝ 1 201 ձայն, իսկ անկուսակցական Հակոբ Բաղդասարյանը՝ 792 ձայն։

Նույն մարզի Ախուրյան համայնքում առաջադրված էր 6 թեկնածու, որոնցից հաղթանակ է տարել ՀՅԴ-ից առաջադրված Արծրունի Իգիթյանը: Նա ստացել է 13 379 ընտրողներից 2393-ի ձայները: Երկրորդ տեղում եղել է ԲՀԿ-ական Կարեն Սերգոյանը՝ 1 512 ձայն: ՀՀԿ-ից Համլետ Պետրոսյանն ստացել է 966 ձայն, անկուսակցական թեկնածուներ Գերասիմ Համբարյանը՝ 615, Վանիկ Մկրտչյանը՝ 406, իսկ Գեղամ Լևոնյանը՝ 880 ձայն:

Շիրակի մարզի նույնպես խոշորացված Անի համայնքում առաջադրված էր 5 թեկնածու, որտեղ հաղթանակ է տարել ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանը՝ ստանալով 17 214 ընտրողներից 3 909-ի կողմ ձայները: Երկրորդ տեղում եղել է անկուսակցական Հրաչյա Աճեմյանը, ով ստացել է 1926 ձայն: ԲՀԿ-ից Հակոբ Աղաբեկյանն ստացել է 1547 ձայն եւ զբաղեցրել 3-րդ տեղը: ՀՀԿ-ական մյուս թեկնածուն՝ Խաչատուր Բուլոյանը ստացել է 1 494 ձայն, իսկ անկուսակցական Աղասի Առաքելյանը 799 ձայն:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետը դաշնակցական Արթուր Խաչատրյանն է:

Նշենք, որ նոյեմբերի 5-ին, Հայաստանի 69 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ: Ընտրություններին մասնակցել է 243 335 ընտրող, կամ` ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 50,06 %-ը։ Ըստ նախնական արդյունքների, որպես կանոն ընտրվել են ՀՀԿ-ի թեկնածուները, իսկ որոշ համայնքներում ինքնաառաջադրված թեկնածուները:

Մասնակցության ամենաբարձր՝ 78.33 տոկոս ցուցանիշը գրանցվել է Ենոքավան համայնքում: Իսկ ամենացածր մասնակցության ցուցանիշը՝ 15,42 տոկոս, գրանցվել է Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում:

Նշենք, որ ընտրությունների 5-րդ օրը՝ նոյեմբերի 10-ին, կհրապարակվեն ընտրությունների վերջնական արդյունքները: