Ռուսական պետական գրադարանը եւ Իսրայելի Ազգային գրադարանը հայտարարել են, որ 1918 թվականից Ռուսական պետական գրադարանում պահվող Գինզբուրգների հավաքածուն կթվայնացվի եւ ազատ հասանելիություն կստանա, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գրքերի հավաքածուի մեջ կան հնագույն ձեռագիր եւ տպագիր գրքեր հրեականության, աշխարհագրության, մաթեմատիկայի, բժշկության, փիլիսոփայության մասին հին եբրայերենով, արամեերենով եւ արաբերենով: Դրանց թվում են Արիստոտելի եւ հրեա աստվածաբան Մայմոնիդի աշխատությունները:
Հավաքածուն համարվում է աշխարհում ամենախոշոր եւ հազվագյուտ մասնավոր հավաքածուներից մեկը:
Համագործակցության շրջանակում թվայնացվելու է ընդհանուր 14 հազար գիրք եւ 2 հազար ձեռագիր: Ամենահին գրքերը թվագրվում են XII դարով:
Գրադարանը ի սկզբանե պատկանել է ռուսաստանցի բանկիրներ Գինզբուրգների ընտանիքին: Բարոն Դավիդ Գինզբուրգի մահվանից հետո հավաքածուն գնել են սիոնիստական շարժման ակտիվիստները: 1917 թվականին գրքերը պետք է Իսրայել ուղարկեին, սակայն հեղափոխությունից հետո բոլշեւիկները հավաքածուն ազգայնացրել են:
Գինզբուրգների հավաքածուի իրավունքների վերաբերյալ վեճը չի դադարել հարյուր տարի:
Իսրայելի Ազգային գրադարանը բազմիցս փորձել է հավաքածուն վերադարձնել: Սական, ինչպես նշել է գրադարանի տնօրեն Ավիադ Սթոլմանը, ռուսական կողմն անհամոզիչ է համարել այն ապացույցները, որ Դավիդ Գինզբուրգի այրին գրադարանն իսկապես վաճառել է:
Գրադարանի ճակատագրի վերաբերյալ բանակցություններ են վարվել նաեւ բարձր մակարդակով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուինի միջեւ:
«Հիմա սեփականության հարցը մեզ համար երկրորդ պլան է մղվել: Մենք ապագային ենք նայում: Հավաքածուի թվայնացումը կօգնի ոչ միայն այն պահպանել, այլեւ գրքերին դյուրին հասանելիություն կապահովի: Մեր խնդիրն է այնպես անել, որ ամբողջ աշխարհում մարդիկ կարողանան գրադարանից անվճար օգտվել»,- ասել է Սթոլմանը:
Գրքերի եւ հին ձեռագրերի թվայնացումից հետո հավաքածուն օնլայն հասանելի կլինի հրեական ձեռագրերի Ktiv էլեկտրոնային գրադարանի կայքում:




























