Գործարար Սերգեյ Պոլոնսկին, որն ավելի վաղ համաներմամբ ազատվել է խարդախության համար 5 տարվա ազատազրկումից, հայտարարել է ՌԴ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ինձ առաջադրում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում»,- լրագրողներին ասել է Պոլոնսկին Մոսկվայի քաղաքային դատարանի նիստից հետո, որտեղ չորեքշաբթի քննվում էր նրա համաներման որոշման դեմ դատախազի բողոքարկումը:

Պոլոնսկին կարողացել է գաղութում 5 տարի անցկացնելուց խուսափել ձեռնարկատիրական գործունեության ոլորտում խարդախության նրա գործողությունները ավելի մեղմ հոդվածով վերաորակելու շնորհիվ:

Ըստ որում՝ պաշտոնապես Պոլոնսկին մեղավոր է ճանաչվել Մոսկվայում բնակելի համալիրների շինարարության ժամանակ 2,6 մլրդ ռուբլու խարդախության մեջ: 2015 թվականի մայիսին Կամբոջայի իշխանությունները, որտեղ Պոլոնսկին թաքնվում էր  ռուսական արդարադատությունից, նրան արտահանձնել էին ՌԴ-ին:

Ռուսաստանի նախագահական հերթական ընտրությունները տեղի կունենան 2018 թվականի մարտին, ընտրարշավը պետք է մեկնարկի 2017-ի դեկտեմբերին:

Ընտրություններին մասնակցելու իրենց մտադրության մասին են հայտնել «Յաբլոկո» կուսակցության համահիմնադիր Գրիգորի Յավլինսկին, ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին, հեռուստահաղորդավարուհիներ Քսենյա Սոբչակը ու Եկատերինա Գորդոնը եւ պոռնոաստղ Ելենա Բերկովան:

2015 թվականին ընտրություններին մասնակցելու մասին են հայտնել նաեւ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը, ինչպես նաեւ աֆրիկական արմատներով մոսկվացի գործարար Սամսոն Շոլադենը: