Ամերիկյան քիմիական միությունը (ACS) շահել է Sci-Hub կայքի դեմ դատական պրոցեսը։ ACS–ը դատական հայց էր ներկայացրել՝ կայքին մեղադրելով հեղինակային իրավունքների խախտման, ապրանքները կեղծելու, ապրանքանիշի աղճատման մեջ։ Վիրջինիայի դատարանը սահմանել է, որ Sci-Hub–ը պետք է ACS–ին 4.8 մլն դոլար վճարի։ Sci-Hub–ի ներկայացուցիչները դատարանում ներկա չեն եղել, հայտնում է Science Magazine–ը։

Դատարանի վճռում նաեւ ասվում է, որ համացանցի որոնողական համակարգերը, կայքերը, ինտերնետ մատակարարները (ISP), դոմենները գրանցողները եւ դոմենների անունների գրանցամատյանները պետք է դադարեն այն բոլոր դոմենային անունների եւ կայքերի առաջմղումը, որոնց միջոցով Sci-Hub–ը ապօրինի հասանելիություն է տրամադրում ACS–ի հեղինակային իրավունքով պաշտպանված նյութերին։

«Այս դեպքը կարող է նախադեպ դառնալ այն բանի համար, որ երրորդ կողմերը համացանցում պահանջեն կատարել կառավարության կողմից արտոնված գրաքննությունը»,– ասում է Փենսիլվանիայի համալսարանի գիտնական-ծրագրավորող Դանիել Հիմելշթեյնը, որը վերջերս վերլուծել էր, թե քանի աշխատանք է պատկանում Sci-Hub–ին։

Նրա վերլուծությունը ցույց է տվել, որ Sci-Hub–ը պարունակում է ACS գիտական կոնտենտի 98.8 տոկոսն ու Crossref ռեեստրում տեղակայված մատյանների վճարովի բովանդակության 85 տոկոսը։ Չնայած դատարանի որոշմանը՝ Հիմելշթեյնը կասկածում է, որ որոնողական համակարգերը դժվար թե սահմանափակեն Sci-Hub–ը։

Ի՞նչ է Sci-Hub–ը

Sci-Hub–ն ինտերնետ ռեսուրս է, որը հասանելիություն է տրամադրում ավելի քան 64.5 մլն գիտական հոդվածների եւ այլ աշխատությունների։ Առաջին հայտնի վեբ կայքն է, որը ավտոմատ եւ անվճար հասանելիություն է ապահովում գիտական աշխատությունների ամբողջական տեքստերին։

Կայքի հիմնադիրն է Ալեքսանդրա Էլբակյանը։ Gazeta–ն գրում է, որ Էլբակյանը ծնվել է Ղազախստանում, այնտեղ ավարտել մաթեմատիկական թեքումով գիմնազիա եւ ՏՏ մասնագիտությամբ ԲՈՒՀ։ ԲՈՒՀ–ից հետո նա հասցրել է արտասահմանյան որոշ լաբորատորիաներում աշխատել որպես ծրագրավորող-հետազոտող։

Աստիճանաբար կայքի ժողովրդականությունն աճում էր։ Դրա ծառայություններից ավելի ու ավելի շատ գիտնականներ էին օգտվում ոչ միայն Ռուսաստանում, այլ նաեւ արտասահմանում։ Եվ այսօր արդեն դժվար է գտնել մի գիտնականի, որն ակտիվ գիտական գործունեություն է ծավալել, սակայն չի լսել այդ կայքի մասին։ 2016-ի դեկտեմբերին Nature ամսագիրը, ամփոփելով անցնող տարվա արդյունքները, նշել էր 10 մարդու անուն, որոնք առավել մեծ ազդեցություն են թողել գիտության զարգացման վրա, եւ նրանց թվում էր նաեւ Էլբակյանը։

Կայքն այդ պահին ուներ 60 մլն ցանց, 2016 թվականին գրանցվել էր ավելի քան 75 մլն բեռնում։

Գնահատականների համաձայն՝ դա աշխարհում գիտական ամսագրերից բոլոր բեռնումների միայն 3 տոկոսն է։ «Ես դեմ չեմ մեր կայքը ցանցահենային անվանել։ Հիմա այդ բառը սկսել է նշանակել համացանցում տեղեկության ազատ պատճենում եւ տարածում։ Ոչ մի ամոթալի բան դրանում չկա»,– ասել է Էլբակյանը Gazeta–ի հետ զրույցում։

Ի սկզբանե Sci-Hub–ը ուներ .org օրիգինալ դոմեն, սակայն 2011 թվականին այն ԱՄՆ դատարանի որոշմամբ արգելափակվեց։

Elsevier–ը՝  Sci-Hub-ի դեմ

Այս տարվա հունիսին աշխարհի ամենախոշոր պարբերականներից մեկը՝ Elsevier –ը, շահել է գումարով տարածվող գիտական հոդվածների ազատ հասանելիության հնարավորություն տվող  կայքերի դեմ հայցը։ Նյու Յորքի Նահանգային դատարանը մեղավոր է ճանաչել Sci-Hub եւ LibGen կայքերին եւ վճռել, որ դրանցից յուրաքանչյուրը հայցվորին վճարի 15 միլիոն դոլար։ «Պատասխանող կողմի անօրինական գործողությունները  հանգեցրել եւ շարունակում են հանգեցնել Elsevier-ի, նրա պատվիրատուների ու հասարակության  համար անդառնալի կորստի»,- հայտարարել են հայցվորի ներկայացուցիչները։ Դատարանի որոշումը հրապարակվել է Sci-Hub ռեսուրսի հիմնադիր Ալեքսանդրա Էլբակյանի բացակայությամբ։

Ինչու՞ Sci-Hub-ը Ռուսաստանում փակեցին

Ռուսաստանում սեպտեմբերի 5-ից փակ է  Sci-Hub.cc կայքի հասանելիությունը։ Կայքում տեղադրվել էր նամակ, որում նշվում էր, որ դրա պատճառը «ռուս գիտնականների ոչ ադեկվատ եւ վիրավորական վարքն է՝ կայքի հիմնադրի նկատմամբ․․․Այսպես, օրինակ, արդեն 2 տարի համացանցի ռուսալեզու  հատվածում շարունակվում են Ալեքսանդրայի դեմ հալածանքները այն մարդկանց կողմից, ովքեր պատկանում են, այսպես կոչված, ռուսական  «ազատական ընդդիմությանը»։

Էլբակյանը ռուս գիտնականներին խորհուրդ է տալիս կայք մտնել այլ երկրից՝ օգտագործելով VPN սպասարկիչներ կամ պրոքսիներ կամ TOR բրաուզեր։