Նացիստական համակենտրոնացման  ճամբարներից ավելի քան հազար հրեայի փրկած Օսկար Շինդլերին հասցեագրված 70-ից ավելի նամակ դեկտեմբերի 8-ին աճուրդի կհանվի, փոխանցում է The Daily Mail-ը։

Սակարկությունները կկայանան Սոմերսեթի կոմսությունում՝ Անլգիայի արեւմուտքում։

Lawrences Auctioneers աճուրդի տունը նամակների հավաքածուի համար նախնական գին է սահմանել 800 եվրոն, իսկ գործարարին պատկանող  ոսկյա ժամացույցը գնահատվում է 680 եվրո։ Աճուրդի են հանվել Շինդլերին պատկանող այլ իրեր։ Նամակների հավաքածուում են նաեւ նրանք, որոնք Շինդլեր զույգը ստանում էր Արգենտինա արտագաղթելուց հետո։ Դրանցից մեկում մարդիկ շնորհակալություն են հայտնում նրան մարդկության նկատմամբ հավատը վերականգնելու համար։

Օսկար Շինդլերը ծագումով գերմանացի էր եւ անգամ նացիստական կուսակցության շարքերում էր։ 1940-ական թթ․ սկզբին նա համակենտրոնացման ճամբարներում հրեաների ոչնչացման ականատեսն է դառնում եւ սկսում է բարձրաստիճան պաշտոնյաներին կաշառել՝ այդպիսով փրկելով իր գործարանում աշխատող ավելի քան հազար հրեաների կյանքը։