Արաբական պետությունների լիգան չի պատրաստվում կազմակերպությանը Լիբանանի անդամակցությունը դադարեցնել: Նոյեմբերի 10-ին «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալությունում կայացած մամուլի ասուլիսում այս մասին ասել է ՌԴ-ում ԱՊԼ ներկայացուցչության ժամանակավոր հավատարմատար Մալեք Մուսլին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ինչ վերաբերում է հարցին՝ եթե Սաուդյան Արաբիան պնդի դադարեցնել Լիգայում Լիբանանի անդամակցությունը, ապա կարող եմ ասել, որ դա գործնականում բացառվում է: Համապատասխան մեխանիզմներ կան, չէ՞ որ Լիգան մի շարք երկրների է ներառում, ուստի այս անդամ երկրներն են որոշում այդ հարցը: Լիբանանի անդամակցությունը դադարեցնելու ո՛չ մտադրություն, ո՛չ ցանկություն չկա»,- հայտնել է Մուսլին:
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին նոյեմբերի 4-ին իր հրաժարականի մասին հայտարարել էր Էր Ռիադում գտնվելու ժամանակ: «Ալ Արաբիա» հեռուստաալիքով հեռարձակվող իր ելույթում նա շիական «Հիզբոլլահ» շարժմանը եւ Իրանին մեղադրել էր Լիբանանում ու արաբական աշխարհում երկպառակություն սերմանելու մեջ եւ հայտարարել էր, որ տեղեկացել է իր դեմ պատրաստվող մահափորձի մասին:




























