ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր՝ նոյեմբերի 10-ին, դրական եզրակացություն տրվեց ԱԺ կողմից առաջաին ընթեցմամբ ընդունված «Պաշտպանության մասին օրենքի» նախագծին: Նախագիծը ներկայացրեց պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը:

«Օրենքի նախագիծը Ազգային ժողովում քննարկվեց, պատգամավորները տարբեր դիրքորոշումներ հայտնեցին, նախագիծը առաջարկների հիման վրա լրամշակվել է, շտկվել է: Կարծում եմ, որ այս տեսքով «Պաշտպանության մասին օրենքի» նախագիծը համապատասխանում է մեր երկրի պաշտպանական քաղաքականությանն առնչվող հիմնական խնդիրներին: Առաջակություններ են ներկայացվել Ազգային ժողովի պատգամավոր Կորյուն Նահապետյանի կողմից, որոշ մասն ընդունվել են, առաջարկություններ են ներկայացրել նաեւ «Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արտակ Զեյնալյանը, Մանե Թանդիլյանը, Արարատ Միրզոյանը եւ Գեւորգ Գորգիսյանը: Քանի որ ներկայացված առաջարկությունները պաշտպանական ոլորտում նորամուծությունների տեսք ունեն եւ բարդ է պատկերացնել գլխավոր շտաբի նոր մոդել, աշխատակազմի սահմանումը, մենք համապատասխան հիմնավորումներով մեր անհամաձայնությունն ենք հայտնել, չենք ներառել երկրորդ ընթերցմամբ ներկայացվող նախագծում: Բավարար աշխատանք է տարվել եւ կառավարության, եւ ազգային ժողովի պատգամավորների կողմից, նախագիծը պատրաստ է լիագումար նիստում երկրորդ ընթեցմամբ պատգամավորների դատին ներկայացնելու»,-ասաց նա:

Նշենք, որ հանձնաժողովի 11 անդամներից նիստին ներկայացել են միայն Միհրան Պողոսյանը, Կարինե Աճեմյանը, Ալիկ Սարգսյանը, Ռոմիկ Մանուկյանը եւ Ֆելիքս Ցոլակյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նիստը ժամը 18-ին քվորումի բացակայության պատճառով չկայացավ: Նիստի ընթացքում պետք է քննարկվեր օրինագիծը, սակայն հանրապետականների զգալի մասը չէր ներկայացել նիստին: