Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ նոյեմբերի 10-ի երեկոյան կայացած արտահերթ նիստում հավանություն է տվել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկելու որոշմանը:
Նշենք, որ նիստը պետք է կայանար ժամը 18-ին, սակայն քվորումի բացակայության պատճառով ձախողվել էր։ Հանձնաժողովը նիստ էր գումարել ուշ երեկոյան։
Օրենքի նախագիծը հանձնաժողովում ներկայացրել է պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը։ «Շատ արագ մեր հասարակությունը գնահատելու է այս նախագիծը։ Կարեւոր սկզբունքը, որ դրված է, սոցիալական արդարության եւ հավասարության սկզբունքն է»,- նշել է Զաքարյանը։ Նա խոսել է տարկետման խնդրին, նծել, որ այժմ այդ հարցը շահարկվում է։ «Գործող եղանակը, որ այժմ կա, դա ոչ պաշտպանական ոլորտին է դրական ազդում, ոչ էլ գիտության ոլորտի զարգացմանն է նպաստել, վնասելով եւ մեկին, եւ մյուսին»,- ասել է Զաքարյանը։
Նրան հարց է տվել միայն Ֆելիքս Ցոլակյանը, որը խոսել է սպորտային գումարտակների մասին։
Արտակ Զաքարյանի խոսքով, որեւէ օրենք ստատիկ չէ։ «Եթե տեսնենք բարեփոխելու, ավելի լավը դարձնելու տեղ կա, անպայման կանենք»,- ասել է նա։
Նիստը նախագահող Ալիկ Սարգսյանը նշել է, թե նախագիծը խիստ արդիական է, բխում է ժամանակի պահանջներից։ «Ես նախագծում լուրջ հավասարության էլեմենտներ եմ տեսնում, որը բխում է մեր հասարակության շահերից։ Նորմալ ուսումնառություն ստանալու համար նախագիծը որեւէ մեկին չի խոչընդոտում։ Ընդհակառակը, թույլ կտա, որ գիտությամբ զբաղվեն մարդիկ, որոնք շնորհք ունեն, այլ ոչ ընդամենը ուզում են գիտությունների թեկնածու դառնան»,- նշել է նա։
Ի վերջո, հանձնաժողովը չորս կողմ ձայներով որոշում է կայացրել նիստերի օրակարգում ընդգրկել եւ երկրորդ ընթերցման ներկայացնել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Նշենք, որ հանձնաժողովի 11 անդամներից նիստին ներկայացել են միայն Միհրան Պողոսյանը, Կարինե Աճեմյանը, Ալիկ Սարգսյանը, Ռոմիկ Մանուկյանը եւ Ֆելիքս Ցոլակյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նիստը ժամը 18-ին քվորումի բացակայության պատճառով չկայացավ: Նիստի ընթացքում պետք է քննարկվեր օրինագիծը, սակայն հանրապետականների զգալի մասը չէր ներկայացել նիստին:



























