ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետական այցով մեկնել է Վիետնամ։ Այցի ընթացքում նա կքննարկի Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին ասել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ Թրամփն այցելել էր Դանանգ՝ մասնակցելու Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին, որից հետո մեկնել էր Հանոյ։

«Այսօր երեկոյան մեկնարկած պետական այցի ընթացքում նախագահը Վիետնամի ղեկավարությունից նոր պարտավորություններ է ուզում ստանալ Հյուսիսային Կորեայի դեմ առավելագույն ճնշման հարցում»,- ասել է վարչակազմի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ ամերիկյան ընկերություններն այցի ընթացքում մտադիր են 12 մլրդ դոլարի առեւտրային պայմանագրեր կնքել։ «Մենք, հավանաբար, կհայտնենք Հանոյում հողակտոր գնելու մասին, որպեսզի ԱՄՆ նոր դեսպանատուն կառուցենք։ Դա մեր հարաբերություններում առաջընթացի եւս մեկ օրինակ է։ Մենք նաեւ կավարտենք ռազմական համագործակցության ոլորտում նոր եռամյա պլանի մշակումը»,- ասել է պաշտոնյան։