2018 թվականի բյուջեով զարգացումներ չեն նախատեսվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Ծառուկյան խմբակցության պատգամավոր, Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը:
«Մեր քննադատություններից պարզ է՝ մենք ինչ դիրքորոշում ունենք, խմբակցությունը կորոշի՝ ինչպես քվեարկի վերջնականապես, ես հակված եմ դեմ քվեարկել»:
Սերգեյ Բագրատյանը բյուջեի ամենաբացասական կողմը համարում է աշխատավարձերի եւ թոշակների չբարձրացումը գնաճի պարագայում: Սա գլխավոր պատճառն է, որ դեմ են քվեարկելու: Մեր հիշեցմանը, որ 2015-ի բյուջեն էլ, երբ Հովիկ Աբրահամյանն էր վարչապետը չէր նախատեսում աշխատավարձերի ու թոշակների բարձրացում, սակայն դեմ չքվեարկեցին, պատգամավորը արձագանքեց. «Պետք է նայել, թե ինչ խնդիրներ են արծարծվել, հնարավոր է առաջարկներ են եղել, ես պատգամավոր չէի, չեմ կարող ասել՝ ինչու է այդպես եղել»,-ասել է Սերգեյ Բագրատյանը:
Այս բյուջեում վստահության ու հուսադրման կոմպոնենտի բացակայության պատճառով պատգամավորն իր անվստահությունն է հայտնելու այս կառավարությանը:
Պատգամավորի համար անհասկանալի է նաեւ այն հանգամանքը, որ ապրիլից հնարավոր է՝ վարչապետի պաշտոնում այլ անձ լինի, իսկ կառավարության կազմը ամբողջությամբ փոփոխված:
«Պարադոքս է այդ հանգամանքը, որ բյուջեն բերել են հաստատելու, ապրիլից հնարավոր է այլ կառավարություն լինի, սա անհասկանալի է, 3-4 ամսվա համար բյուջե բերելն էլ հիմնավորված չի եւ անհասկանալի է՝ ապրիլից նոր կառավարություն լինի, արդյոք այն ստանձնելու է այս կառավարության քաղաքական պատասխանատվությունը, սա բարդ խնդիր է: Այս բյուջեն իր շարունակականությունը չի ապացուցելու: Չեմ կարծում, որ որեւէ նոր կառավարություն այս բյուջեի պատասխանատվությունը կստանձնի»:
Հիշեցմանը, որ անկախ փոփոխություններից բյուջեն հաստատվում է մեկ տարվա համար, եւ կառավարության փոփոխության դեպքում էլ է այն գործելու, պատգամավորն ասել է. «Անկախ ամեն ինչից պիտի ընթանա, ուղղակի իմ ասածը այլ բան է: Քաղաքագիտորեն որքան է ճիշտ, որ նեկայացվում է մի բյուջե, որի կատարման պատասխանատվությունը չի ստանձնելու հաջորդ կառավարությունը, այս իմաստով կասկածահարույց է»,-ասել է նախկին մարզպետը:



























