Գյումրիի մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը ուսման տարկետման իրավունքի համար փողոց դուրս եկած ուսանողների պայքարին դեմ չէ, բայց կարծում է, որ տարկետման իրավունքը իր նպատակին չի ծառայել: Հիշեցնենք, որ «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքին կողմ է քվեարկել Ծառուկյան դաշինքը:
Պատգամավորը մտահոգվում է, որ ուսման տարկետման իրավունքը հանելով բուհերի ֆինանսավորումը կնվազի:
«Ես կողմ եմ էդ օրենքին, ուսանողների իրավունքն է, բայց որպես կրթության նախկին կազմակերպիչ, իհարկե, կարող եմ ասել, որ մեր պետպատվերը իր նպատակին չի ծառայել, ավելի շատ լուծել է սոցիալական խնդիր: Իրական նպատակը պիտի լիներ շուկայի պահանջարկին արձագանքելու եւ էդ քանակի մասնագետ պատրաստելու համար, բայց լավ գիտենք, որ պետպատվերի տակ ավարտողների 90 տոկոսը աշխատանք չի կարողանում գտնել»:
Փողոց դուրս եկած ուսանողներին նախկին ռեկտորը հիշեցրել է Խորհրդային տարիների օրինակը՝ ընդգծելով, որ սովորելու ցանկություն ունեցողները կսովորեն նաեւ ծառայելուց հետո:
«Իրենք իրավունքն է ցույցը, իմ իրավունք է որպես կրթության նախկին կառավարիչ հիմնավորումներ ներկայացնելը: Խորհրդային տարիներին իրավաբանական ֆակուլտետ կարող էին դիմել միայն զինծառայություն անցած երիտասարդները, բայց ամենամեծ մրցույթ ապահովող մասնագիտություններից մեկն էր, այսօր եթե ուսանողը նպատակ ունի սովորելու, կգնա կծառայի կգա կշարունակի կրթությունը»:




























