Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը Կատալոնիայի ընկերություններին կոչ է արել ինքնավար շրջանից չհեռանալ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Իսպանիայի վարչապետի Twitter-ի էջը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ մոտ 2 հազար ընկերություններ որոշել են փոխել իրենց իրավաբանական հասցեն եւ գրասենյակները Կատալոնիայի սահմաններից հանել՝ հոկտեմբերի 1-ին շրջանում անկախության հանրաքվեի անցկացման պահից սկսած:

«Մենք Կատալոնիայի ընկերություններին խնդրում ենք չհեռանալ, օգտագործել կատալոնական մթերքները: Մենք միասին պետք է պաշտպանենք այն կապերը, որոնք մեզ միավորում են»,- նշել է Ռախոյը, որը նոյեմբերի 12-ին Բարսելոն է ժամանել:

Կատալոնիայում Իսպանիայի իշխանությունների ուղիղ կառավարում հաստատելուց հետո Ռախոյն առաջին անգամ է Բարսելոն գալիս: Մեկ օր առաջ Բարսելոնում հանրահավաք էր տեղի ունեցել՝ Կատալոնիայում անկախության հռչակման հետ կապված ձերբակալված 10 քաղաքական գործիչներին ազատելու պահանջով: