Նոյեմբերի 8-ի դրությամբ, Արցախում այս տարի կատարվել է 52 հազար 736.8 հեկտար հերկ եւ ցանվել՝ 38 հազար 633 հա աշնանացան հացահատիկ, որոնք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են համապատասխանաբար` 63.4 տոկոսով եւ 4.4 անգամ:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի գյուղատնտեսության նորանշանակ փոխնախարար Վիլեն Ավետիսյանը եւ տեղեկացրել, որ կատարված ցանքսից 22 հազար 521 հա-ում ցորեն է ցանվել, իսկ 16 հազար 112 հա-ում՝ գարի:
Խոսելով նախորդ տարվա համեմատ այս տարվա աշնանացան հերկի եւ ցանքսի աճի մասին՝ Վ. Ավետիսյանը նշել է, որ հիմնական շարժառիթը հողօգտագործողների շրջանում գյուղնախարարության կատարած հետեւողական աշխատանքներն են եւ, իհարկե, կազմակերպչական հարցերի ժամանակին կարգավորումը:
«Այս տարի մեր հիմնական հողօգտագործողները ժամանակին են սկսել նախապատրաստական աշխատանքները: Կարծում եմ՝ դա պայմանավորված է եղել առաջին հերթին մեր գերատեսչության հետեւողական աշխատանքներով, քանի որ նախկին փորձը հուշում է, որ ցանքսը մեզանում շարունակվում էր մինչեւ դեկտեմբեր ամիսը, որը հակասում է ընդունված ագրոկանոններին: Բացի դրանից տեխնիկայի խնդիրը հիմնականում ժամանակին լուծվել է, իսկ տարին, եղանակային առումով բարենպաստ է եղել: Այսինքն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոնները նպաստել են, որպեսզի հերկի եւ ցանքսի աշխատանքները ժամանակին հասցնեն, ինչն էլ մեծամասամբ երաշխավորելու է բարձր բերքի ապահովումը»,- ասել է գյուղատնտեսության փոխնախարարը եւ հավելել, որ աշնանացանի հիմնական աշխատանքներն ավարտված են:




























