Կնոջը ծեծի ենթարկելու եւ նրան առողջական ծանր վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող Գերասիմը դատապարտվել է 2 տարի 6 ամսվա ազատազրկման: Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը նրան մեղավոր է ճանաչել եւ նրա նկատմամբ կիրառել նվազագույն պատժից ավելի մեղմ պատիժ:
46-ամյա Գերասիմին մեղադրանք է առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի ապրիլի 12-ին, առավոտյան ժամը 8-ին Գերասիմը Նոր Խարբերդում գտնվող իրենց տանը վիճել է կնոջ հետ, վիճաբանության ընթացքում մեկ անգամ աջ բռունցքով հարվածել է կնոջ որովայնի ձախ հատվածին՝ վերջինի առողջությանը՝ որովայնի փակ, բութ վնասվածքի, փայծաղի պատռվածքի, հետորովայնամզային տարածության արյունազեղման ձեւով պատճառել է ծանր վնաս:
Դատարանում Գերասիմն իրեն մեղավոր է ճանաչել, նա ասել է, թե զղջում է, կնոջ հետ արդեն հաշտվել է, խնդրել է իր նկատմամբ մեղմ վարվել: Տուժողն էլ հայտնել է, թե հաշտվել է ամուսնու հետ, ներել է նրան: Նա խնդրել է մեղմ վարվել ամուսնու հետ, քանի որ նա է իրենց ընտանիքի միակ կերակրողը:
Դատարանը Գերասիմ Մ.-ին մեղավոր է ճանաչել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, եւ քրեական օրենսգրքի 64 հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ նշանակել է տվյալ հոդվածի մասով նախատեսված նվազագույն պատժից ավելի մեղմ պատիժ՝ ազատազրկում՝ 2 տարի 6 ամիս ժամանակով:




























