Սարի թաղում 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով վկա Գեղամ Սահակյանի նախաքննական հարցաքննություների վերաբերյալ փաստաթղթերը կներկայացվեն դատարան: Անդրիաս Ղուկասյանը Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն է ներկայացրել Գեղամ Սահակյանի՝ ՀՔԾ շենք մուտքի, հարցաքննության տեւողության վերաբերյալ դատարան փաստաթղթեր ներկայացնելու մասին միջնորդությունը:
«Գեղամ Սահակյանը դատարանում հայտնեց, որ 2016թ. նոյեմբերի երկուսին ու ութին չի հարցաքննվել ՀՔԾ-ում, իսկ գործի նյութերով՝ այդ օրերինէ հարցաքննվել: Միջնորդում եմ ՀՔԾ-ից պահանջել Գեղամ Սահակյանին հարցաքննությունների կանչելու, նրա ներկայանալու փաստերն ապացուցող փաստաթուղթ, նաեւ Գեղամ Սահակյանի հեռախոսային զրույցների վերծանումները»,-ասել է Անդրիաս Ղուկասյանը:
Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի հուլիսի 29-ին Երեւանում զանգվածային անկարգություններ է կազմակերպել, ինչպես նաեւ փորձել է միանալ 2016 թվականի հուլիսի 17-ին Երեւանի Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ Հայաստանի ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ եւ բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել եւ խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով: Անդրիաս Ղուկասյանը կալանքի տակ է:




























