2017 թ. նոյեմբերի 5-ին  Հայաստանում տեղի ունեցած  ՏԻՄ  ընտրությունները ցույց  տվեցին գործող ապօրինի իշխանությունների կառավարման ներքո մեր հանրության անվստահության ու բացասական վերաբերմունքի աստիճանը ընտրական պրոցեսի նկատմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր Ծիրանի» կուսակցության հարավային տարածաշրջանի ստորաբաժանումը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Ժողովրդավարության այս կարեւոր ինստիտուտը չի գործել եւ շարունակում է չգործել: Այս գործընթացը ընտրություն անվանել հնարավոր չէ, այլ կարող ենք ասել, որ ՀՀ քաղաքացին ուղարկվում է ընտրատեղամաս ՔՎԵԱՐԿԵԼՈՒ, սակայն ոչ ընտրելու: 

Բոլոր այն հայտարարությունները, որոնցով ասվում է, որ  ընտրությունները եղել են արդար ու օրինական նպաստում են ավտորիտար համակարգի գոյատեւմանը: Ապօրինի իշխանությունների գործողությունների ցանկացած լեգիտիմացում անընդունելի է եւ էլ ավելի է խորացնում հանրության անվստահությունը Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող եւ չգործող ժողովրդավարության ինստիտուտների նկատմամբ»: