Արցախի Հադրութի շրջանի  մի քանի համայնքներում շարունակվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի`  համայնքային կենտրոնների շինարարությունը: Արցախի քաղաքաշինության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արցախի գյուղերի զարգացմանը միտված «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող համայնքային կենտրոնների շինարարությունը հաջողությամբ շարունակվում է նաեւ Հադրութի շրջանում:

Ուխտաձորում աշխատանքներն ավարտման փուլում են: Ներքին հարդարման ու ներկարարական աշխատանքներին զուգահեռ` կատարվում է տարածքի բարեկարգում:

Շենքին կից կառուցվում է 150 տեղանոց հանդիսությունների դահլիճ, որտեղ ուրախ կամ տխուր առիթներից բացի կարող են կազմակերպվել նաեւ մշակութաժամանցային միջոցառումներ: 

Նախարարության հաղորդմամբ, Հադրութի շրջանում համայնքային կենտրոններ կառուցվել են Դրախտիկ, Ակնաղբյուր եւ Քյուրաթաղ համայնքներում, ընթացքի մեջ է Տումու եւ Թաղասեռի կենտրոնների շինարարությունը: Կենտրոններն իրենցից ներկայացնում են երկհարկանի բազմաֆունկցիոնալ շինություններ, որոնք իրենց մեջ ներառում են գյուղապետարան, հանդիսությունների դահլիճ, գրադարան, համակարգչային սենյակ, բուժկետ եւ նախասրահ:

Կենտրոններն ապահովվում են ջեռուցման եւ օդափոխության համակարգերով: Այսպիսի կենտրոնների կառուցումը ոչ միայն անդրադառնում է գյուղի մի շարք խնդիրների լուծման վրա, այլեւ ապահովում է այս կառույցների արդյունավետ ու համակարգված գործունեությունը: