Արցախի ԱԺ սոցիալական եւ առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, Արամ Գրիգորյանի եւ Ռուսլան Իսրայելյանի նախագահությամբ, այսօր՝ նոյեմբերի 21-ին, քննարկվել է «ԱՀ 2018թ. պետական բյուջեի մասին» Արցախի օրենքի նախագիծը:

Քննարկմանը մասնակցել են Արցախի ԱԺ պատգամավորներ, նախարարներ, ոլորտների պատասխանատուներ:

Ներկայացնելով աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման ոլորտին 2018թ.-ին հատկացվելիք գումարը՝ նախարար Սամվել Ավանեսյանը տեղեկացրել է, որ այն կկազմի 22 մլդ 826 մլն 600 հազ դրամ, ինչը 2017թ.ի հաստատված պետական բյուջեի ծախսերի նկատմամբ ավելի է 1 մլդ 32 մլն դրամով:

Պատգամավորները նախարարին են առաջադրել սոցիալապես անապահով ընտանիքներին տրվող օժանդակությանը, հաշմանդամություն ունեցողների աշխատանքի ապահովմանը, երիտասարդ ընտանիքներին բնակարանաշինության համար տրվող ֆինանսական աջակցությանը եւ այլ խնդիրների վերաբերյալ հացեր եւ առաջարկություններ:

Առողջապահության ոլորտին, համաձայն նախարար Կարինե Աթայանի ներկայացման,  գալիք տարի  պետական բյուջեից կտրամադրվի 6 մլրդ 151,8 մլն դրամ: Ավելացումը 2017թ.-ի նկատմամբ կկազմի 155,3 մլն դրամ:

Նախարարի խոսքով՝ ավելացումը պայմանավորված է Հանրապետական ԲԿ-ում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի սարքի, «Համաճարակաբանության եւ հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր գործիքային սարքի շահագործմամբ եւ  առողջական որոշակի խնդիրներ ունեցող երեխաների խնամքի  ծառայության նոր ծրագրի ներդրմամբ:

Պատգամավորները հնչեցրել են հանրապետությունում դեղորայքի գներին, ապահովագրական համակարգի ներդրմանը, քաղաքացու կողմից՝ տեղամասային բժշկի ընտրությանը, պետական պատվերի շրջանակում իրականացվելիք ծրագրերին, մասնագետների պատրաստվածությանը վերաբերող հարցեր: Ներկայացված նախագծի վերաբերյալ պարզաբանումներ է տվել նաեւ ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

ԱԺ հանձնաժողովային քննարկումները վաղը՝ նոյեմբերի 22-ին, կշարունակվեն  ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովներում՝ դռնփակ ռեժիմով: