ԳՄՕ-ները վտանգավոր չեն, վտանգավոր են հորմոնային գեները, որոնք կարելի է հայտնաբերել թռչնամսի մեջ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։

«Երբ իմ կողմից հարգված երաժիշտը հայտարարում է, թե մեղուները MONSANTO-ից  սատկում են, ապա պետք է նշել, որ մեղուները ավելի շուտ սատկում են հեռախոսների եւ տեխնիկայի ռադիոալիքներից, սակայն քանի որ հեռախոսները մեր կյանքի անբաժան մասն է դարձել,  ձայն չենք հանում»,-նշում է նա։

Նրա փոխանցմամբ, ամբողջ բնության էվոլյուցիան ԳՄՕ է։ Իսկ MONSANTO-ն լուրջ գիտական ընկերություն է։ «Հայտնի է, որ ԳՄՕ-ները ստեղծվել են համաշխարհային սովից խուսափելու համար, իսկ MONSANTO-ին նախանձող ընկերությունները շատ են, երեւի դրա հետ պետք է պայմանավորել նրա դեմ սկսված արշավը»,-նշեց նա։

Խոսելով Հայաստանում ԳՄՕ-ների մասին՝ նա նշեց, որ  Հայաստանում ԳՄՕ սերմերը մասշտաբային տարածում չունեն, կարող են մեկ-երկուսի մոտ հայտնված լինեն, բայց դրանք շատ չեն։

Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը նշել է, որ Հայաստանի շուկա է մտնում «Monsanto» ընկերությունը, որը զբաղվում է ԳՄՕ սերմերի արտադրությամբ: Արդեն իսկ մտահոգություններ են հնչում, որ դա կարող է վտանգավոր լինել Հայաստանի բնակչության համար: Հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը եւս կոչ է արել մարդկանց հեռու մնալ «Monsanto»-ի արտադրանքից:

ԱՄՆ դեսպանատունն այս խնդրի առնչությամբ NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտարարել է, որ «Մոնսանտո» ընկերության արտադրանքից եւ ծառայություններից օգտվել չօգտվելու որոշումը կայացվելու է ֆերմերների եւ ագրոբիզնեսների կողմից: