Ֆիսկալ կանոնների մեղմացումն ու երկրի ՀՆԱ–ում պետական պարտքի թույլատրելի մակարդակի կանոնակարգման մեթոդների փոփոխումը կբերի առաջիկա սերունդների համար պետական պարտքի սպասարկման ծանրաբեռնվածության կրճատմանը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է տնտեսական գիտությունների դոկտոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը՝ մեկնաբանելով նոյեմբերի 23-ին կառավարությունում հավանություն ստացած «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

Նրա խոսքով՝ վաղուց հասունացել է պահը հրաժարվել պետական պարտքի թույլատրելի մակարդակի կանոնակարգման ԱՄՀ մեթոդիկայից։ Քանի որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները, Հայաստանին վարկեր տրամադրելով, ավելի շատ մտածում են այն մասին, որ այդ ռեսուրսները վերադարձնեն, ինչի կապակցությամբ կարծում են, որ ՀՆԱ 60 տոկոսի չափով պետական պարտքը կարելի է լիովին ընդունելի համարել։ «Սակայն նման մոտեցումը ճիշտ չի համարվում, քանի որ արտաքին պարտքից բացի, մենք ունենք նաեւ ներքին։ Բարեբախտաբար, կառավարությունը հասկացել է գործող մեթոդիկայի սխալ լինելը եւ հիմա առաջարկում է փոխել այն՝ ընդգրկելով արդեն ոչ միայն արտաքին պարտքը, այլ երկրի պետական պարտքի ընդհանուր ծավալը։ Չէ՞ որ մենք չենք կարող մոտ 60 տոկոս արտաքին պարտք կուտակել, իսկ հետո նույնքան էլ ներքին, մեր ՀՆԱ–ն ուղղակի դա թույլ չի տա սպասարկել»,– պարզաբանել է տնտեսագետը։

Մանասերյանի խոսքով՝ պետական պարտքի շեմն իջեցնելով՝ զսպվում է նաեւ պետության ախորժակը դրա ավելացման եւ, համապատասխանաբար, հետագա սերնդի վրա ծանրաբեռնվածությունը մեծացնելու առումով: Եւ դա ավելի ակտուալ է այն պայմաններում, երբ Հայաստանում բնակչության ծերացում է տեղի ունենում, նվազում են ծնելիության ցուցանիշները, ինչը բերում է Հայաստանում աշխատող մարդկանց քանակի կրճատմանը:

 Ընդ որում, այսօր խոսքը գնում է պետական պարտքի զսպման մասին ոչ միայն թվային ցուցանիշների առումով (ՀՆԱ-ի 40,50, 60տոկոս), այլ նաեւ դրա ծավալների մեծացման ընդհանուր մեխանիզմների վերանայման համատեքստում:

«Բանն այն է, որ անկախության տարիներին Հայաստանում սկսվել է ծայրահեղ բացասական գործընթաց, որի ընթացքում Կառավարությունը պարտքեր է վերցրել, ապա վարկային պայմանագրերն ուղղել է խորհրդարան վավերացման  (որտեղ առանց որեւէ խնդրի դրանք հաստատվել են), ապա ծախսել է այնպես, ինչպես հարկ է համարել: Հավաստիացնում եմ, որ որեւէ վարկային ծրագրի իրականացման ոչ մի թափանցիկ հաշվետվություն մեզ մոտ գոյություն չունի: Ակնհայտ օրինակ է «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարական ծրագրի իրականացումը», - նշել է Թաթուլ Մանասերյանը:

Նա հավելել է նաեւ, որ հիմա՝ նախքան պարտք վերցնելը, տնտեսական ծախսերի հիմքի վրա անհրաժեշտ կլինի հստակ հիմնավորել, թե բարեկեցության աճի առումով ինչ օգուտ կունենան դրանից տնտեսությունը եւ բնակչությունը: Իսկ գլխավորը՝ ինչի հաշվին է մարվելու վարկը՝ ծրագրի իրականացման արդյունքում ստացված միջոցների, թե՞, այնուամենայնիվ, այլ աղբյուրներից: