Եթե ինչ–որ մեկը խոսում է ահաբեկչության թեմայից, պետք է նրան հիշեցնենք՝ ով եւ երբ է պլանավորել ու նպատակամղված իրականացրել ինչպես Արցախում, այնպես էլ Ադրբեջանում ապրող հայերի ջարդերը, սպանություններն ու բռնի արտաքսումը։ Այս մասին ասել է Հայաստանի գերիների, պատանդների եւ անհետ կորածների հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը՝ NEWS.am–ի խնդրանքով անդրադառնալով Ադրբեջանի ընտանիքի, կանանց եւ երեխաների պետական կոմիտեի նախագահ Հիջրան Հուսեյնովայի հայտարարությունը։
«Ուրախ եմ լսել, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան առաջին միջազգային պայմանագրերից մեկն է, որին միացել է Ադրբեջանը։ Տեղյակ եմ նաեւ, որ Ադրբեջանը մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների պաշտպանության ոլորտում մի շարք այլ իրավական միջազգային ակտեր է ստորագրել, այդ թվում՝ Ժնեւի իրավունքի իրավասության ոլորտում։ Պետք է նշեմ, որ թեպետ Ադրբեջանն այնպիսի կազմակերպությունների անդամ է, ինչպես օրինակ, ՄԱԿ մարդու իրավունքների խորհուրդը, սակայն այդ երկիրը մարդու իրավունքների պաշտպանության վարկանիշներում վերջին տեղերից մեկն է զբաղեցնում։ Սա ոչ միայն իմ կարծիքն է, այլ նաեւ հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, էլ չեմ խոսում եվրոպական կառույցների մասին։ Այս մասին են վկայում նաեւ նախկին հայ ռազմագերիների եւ ներկալված քաղաքացիական անձանց մասին նյութերը, որոնք այս պահին քննվում են ՄԻԵԴ–ում, որը հենց հայտարարագրված իրավունքների պաշտպանության մեխանիզմ է։ Այնպես որ, ինչպես ասում են՝ «ով էլ խոսեր այդ մասին»։
Պետք է նշել, որ ինչպես արդարացի նկատել է տիկին Հուսեյնովան, Ադրբեջանում սիրում են միջազգային ամբիոններն օգտագործել այն բանի համար, որ միջազգային հանրությանը հասցնեն ամենատարբեր բնույթի տեղեկություններ։ Միայն թե հավելեմ, որ ինչպես հայտնի է, այդ միջազգային հարթակները նաեւ պարբերաբար օգտագործվում են ակնհայտ սուտ, ապատեղեկատվություն եւ հայկական կողմի հասցեին հերյուրանք տարածելու համար։ Որոշ ադրբեջանցի քաղաքական եւ հասարակական գործիչների վառ ընդգծված հակահայկական քաղաքականությունն արդեն վաղուց չի զարմացնում. զարմացնում է այն, թե ինչպիսի համառությամբ, ես կասեի պնդերեսությամբ են որոշ պնդաճակատ գործիչներ կրկնում նույն հիմարությունը, իբր թե գերեվարված ադրբեջանցի երեխաների մասին։ Նախկինում ես արդեն հերքել էի այդ ֆեյքը։ Ենթադրում եմ, որ եթե այս տեղեկությունն իր հիմքում ինչ–որ ապացույցների բազա ունենար, հարցը վաղուց արդեն կքննարկվեր միջազգային կառույցների կողմից իրավական հարթությունում։ Իսկ մինչեւ այդ այն կարելի է համարձակորեն համարել Հուսեյնովայի եւ նրա նմանների հիվանդ երեւակայության արդյունք։
Ինչ վերաբերում է «նրանց տարածքում Հայաստանի ագրեսիային», ահա թե ինչն է խորապես մտահոգում Հիջրան Հուսեյնովային։ Ես նրան կլուսավորեմ ղարաբաղյան հակամարտության հարցում, որը բռնկվել է Ադրբեջանի կողմից մարդկանց ազատ կամարտահայտման եւ Արցախի Հանրապետության դեմ ռազմական ուժ կիրառելու հետեւանքով։
Ի դեպ, առաջին անհետ կորածները այդ նույն հայերն են, որոնց բռնի վտարել են «Օղակ» չարաբաստիկ գործողության ժամանակ, որն իրականցրել է ադրբեջանական ՕՄՕՆ–ը։
Եվ եթե ինչ–որ մեկն անդրադառնում է ահաբեկչության թեմային, ապա նրան պետք է հիշեցնել, թե ով եւ երբ է պլանավորել ու նպատակամղված իրականացրել ինչպես Արցախում, այնպես էլ Ադրբեջանում ապրող հայերի ջարդերը, սպանություններն ու բռնի արտաքսումը»,– ընդգծել է Արման Կապրիելյանը։



























