Չինական գյուղի բնակչուհին իր տան կոյուղատար խողովակում աշխարհի ամենամեծ «կենդանի բրածո»՝ հազվագյուտ հսկա սալամանդր է գտել, փոխանցում է The Daily Mail-ը:
Չինուհին պնդում է, որ կենդանին առնվազն երկու տարի մնացել է նեղ տարածքում մինչ այն պահը, երբ նրան հայտնաբերել ու դուրս են բերել: Տան բնակիչներն այդ ժամկետը օդից չեն հնարում. նրանք կենդանու ճիչը լսել են շուրջ երկու տարի առաջ, բայց չեն հասկացել, թե դա ինչ է:
Եթե հաշվի առնենք, որ սալամանդրի ճիչը երեխայի լացի ձայնի է նման, ապա հավանաբար չինացի ընտանիքիքին դժվար է եղել «ուրվականների հետ» ապրել նույն տանը:
Այն սալամանդրը, որին հանդիպել է չինուհին, հայտնի է որպես «կենդանի բրածո», քանի որ նրա արտաքին տեսքը Երկրի վրա գոյություն ունենալու 170 միլիոն տարիների ընթացքում համարյա չի փոխվել :
Կոյուղատար խողովակի մեջ ընկած կենդանին ունեցել է 80 սմ երկարություն եւ 5,4 կգ քաշ:
Կենդանուն հանձնել են վայրի բնության պահպանության ծառայության աշխատակիցներին, որոնք նրան բաց են թողել ջրամբարում:
Գաղտնախռիկավորները, որոնց նաեւ հսկա սալամանդր են ասում, այսօր գոյություն ունեցող ամենախոշոր երկկենցաղներն են: Դրանք կարող են ունենալ մինչեւ 1,8 մ երկարություն: Համարվում են Պոչավոր երկկենցաղներից ամենապրիմիտիվն ու հազվագյուտը եւ զետեղված են Կարմիր գրքում:


























