Հայաստանում կանանց 85 տոկոսը ենթարկվում է բռնության: Այս մասին այսօր` նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքով, հայ իրականության մեջ հարս եւ սկեսուր հարաբերությունները լարված են եւ դրանից էլ սկսվում է կնոջ նկատմամբ ընտանիքում կիրառվող բռնությունը. Հայաստանում տարածված է ընտանեկան բռնությունը, սակայն, կանայք հաճախ են լռում եւ չեն բարձրաձայնում:
«Եթե կինը մի անգամ իր նկատմամբ բռնություն է թույլ տալիս, դառնում է սովորություն: Բռնությունը պետք է նաեւ ընտանիքի մյուս անդամների նկատմամբ բացառվի` երեխաների նկատմամբ: Շատերը չեն ուզում «աղբը» հանել դուրս, այն կանայք, որոնք ունեն հեղինակավոր ընտանիք, լավ եղբայր, նրանց նկատմամբ բռնություն չի կիրառվում: Գալիս ասում են` մենք քեզ կնիկ ենք տվել խփելու համա՞ր, ականջներդ կկտրենք: Նաեւ կնոջ կրթվածության աստիճանը մեծ նշանակություն ունի. կրթված կինը թույլ չի տալիս, որպեսզի բռնանան իրեն»,-ասաց նա:
Ահարոն Ադիբեկյանի խոսքով, Հայաստանում կան ընտանիքներ, որտեղ կանայք են իրենց ամուսնուն բռնության ենթարկում. «Ընտանիքներ էլ կան, որ կինն է տփում ամուսնուն, 180 կիլոգրամանոց կինը տփում է 56 կիլոգրամանոց ամուսնուն, որը, երբ հարվածում է ամուսնուն` թռնում է եսիմ որ անկյունը»:
Նշենք, որ ամբողջ աշխարհի կին ակտիվիստները 1981 թվականից նոյեմբերի 25-ին նշում են բռնության դեմ պայքարի օրը: 1999 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը նոյեմբերի 25-ը հայտարարել է Կանանց նկատմամբ բռնության վերացման համար պայքարի միջազգային օր (International Day for the Elimination of Violence against Women):
ՄԱԿ-ը կառավարություններին, միջազգային եւ հասարակական կազմակերպություններին կոչ է անում այդ օրը միջոցառումներ անցկացնել՝ ուղղված այդ խնդրի շուրջ հասարակության ուշադրությունը կենտրոնացնելուն: Օրվա պատմական նախադրյալը 1960 թվականին Դոմինիկյան հանրապետությունում տեղի ունեցած իրադարձությունն է: Երկրի բռնապետ Ռաֆայել Տրուխիլյոյի հրամանով գազանաբար սպանվում են քաղաքական ակտիվիստ Միրաբալ քույրերը:
Ըստ Calend-ի, ճերմակ ժապավենը կանանց նկատմամբ բռնության ցանկացած տեսակի դեմ խորհրդանիշն է: Կանանց նկատմամբ բռնությունը շարունակում է գլոբալ համաճարակ մնալ: Կանանց 70%-ը տառապում է կենցաղային մակարդակով բռնությունից: Առանձին թեմա է նաեւ ընտանեկան բռնությունը, որին մեծ թվով կանայք են ենթարկվում:
ՄԱԿ-ի տվյալներով, աշխարհի կանանց եւ աղջիկների 35%-ն այս կամ այն ֆիզիկական եւ/կամ սեռական բռնության է ենթարկվում:




























