Ամանորյա տոնական փոստային նամականիշները, որոնք կոճապղպեղի բլիթների բույր ունեն, շաբաթ օրը շրջանառության մեջ են դրվել Լիտվայի փոստի բոլոր բաժանմունքներում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով փոստի մամուլի ծառայությանը:
«Ավանդաբար տոնական փոստային նամականիշների թողարկմամբ սկսվում է տոնական շնորհավորանքների ուղարկումը։ Տոների ընթացքում ուղարկված բացիկներն ու նվերները, լիտվական ֆիլատելիայի պատմության մեջ առաջին անգամ, կզարդարվեն բուրավետ փոստային նամականիշներով՝ կոճապղպեղի բլիթի բույրով», - մամուլի ծառայության հաղորդագրությամ մեջ մեջբերվում է Լիտվայի Փոստի հաղորդակցման խմբի ղեկավար Թոմաս Բաշարովի խոսքերը:
Ինչպես նշում է գերատեսչությունը, փոստային նամականիշների վրա պատկերված է ծերուկ Կալեդան: Սուրբ Ծնունդին ու Ամանորին նվիրված տոնական նամականիշների դիզայնը ստեղծել է նկարիչ, մանկական գրքերի ձեւավորող Աուշրա Կյուդուլայտեն:
«Այս նամականիշի վրա պատկերված է ծերուկ Կալեդան, որը ձմեռ է բերում, ձյունով ծածկելով տներն ու ծառերը: Մյուս նամականիշի վրա պատկերված է ձյունածածկ փոքրիկ քաղաքի առօրյա կյանք՝ փայլող աստղեր, երդիկից դուրս եկող ծուխ եւ աշխատանքից իրենց տաքուկ տներ վերադարձող մարդիկ», - ասել է նկարիչ, ձեւավորող Կյուդուլայտեն:




























