Գերմանիայում Դյուսելդորֆի քաղաքային իշխանությունները ներողություն են խնդրել թոշակառուից, ում 35 եվրոյով տուգանել էին կանգառում կարճ ժամանակով հանգստանալու համար: Այս մասին հայտնում է Bild-ը:

Տեղացիների բողոքներից հետո իրավակարգի հարցերով վարչությունը ներողություն է խնդրել տարեց տղամարդուց, ով 8 րոպե հանգստացել էր կանգառում, ինչի համար տուգանվել էր: Թոշակառուն ստիպված չի լինի այս գումարը վճարել:

Տուգանքի հիմնավորման մեջ նշված է, որ թոշակառուն կանգառն ըստ նշանակության չի օգտագործել, քանի որ հասարակական տրանսպորտից չի օգտվել: Դեմենցիայով տառապող տղամարդը շան հետ զբոսնում էր եւ կարճ ժամակով նստել էր հանգստանալու համար:

Միեւնույն ժամանակ քաղաքային իշխանությունները հայտնել են, որ հասարակական կարգի խախտումներն այսուհետեւ եւս կպատժվեն օրենքի համաձայն: Կանգառները հաճախ դառնում են հարբեցողների եւ անօթեւանների հավաքատեղի, այսպիսով հասարակական տրանսպորտի ուղեւորները չեն կարողանում օգտվել իրենց հատկացված նստատեղերից: