Հաղորդում է ստացվել, որ Քարվաճառում 2016թ. ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը երկու հայ զինծառայողներից մեկի՝ Գրիգոր Ավետիսյանի մահվան մեջ մեղադրվող Դավիթ Դումիկյանին ցանկանում են սպանել:

NEWS.am-ի տեղեկություններով, քաղաքացին հայտնել է, որ Դումիկյանին ցանկանում են սպանել Գրիգոր Ավետիսյանի ծնողները եւ դրա համար 50 հազար դոլար են առաջարկել: Հաղորդման հիման վրա քննություն է ընթանում: Հետաքրքիր է, որ տուժող կողմը չի հավատում նախաքննության վարկածին, թե Դումիկյանն է սպանել Գրիգոր Ավետիսյանին: Դումիկյանի հարազատներն էլ կարծում են, որ նրա կյանքին իսկապես վտանգ է սպառնում եւ այս հաղորդմամբ պարզապես սլաքն ուղղում են տուժող կողմի ուղղությամբ: Նրանք չեն հավատում, որ Գրիգոր Ավետիսյանի ծնողներն իսկապես նման ցանկություն կամ մտադրություն ունեն:

Նշենք, որ Գրիգոր Ավետիսյանի մահվան գործն այժմ դատարանում է, դեռեւս վկաների հարցաքննության փուլն է: Սա գործից առանձնացված մասի դատաքննությունն է, մյուս զինծառայողի՝ Սուրեն Արամյանի մահվան գործով նախաքննությունը դեռ շարունակվում է: Նախկինում Դավիթ Դումիկյանը մեղադրվում էր երկու զինծառայողի մահվան մեջ, սակայն, հետագայում Արամյանի մասով մեղադրանքը հանվեց նրա վրայից:

Հետաքրքիր է, որ նույն վայրում տեղի ունեցած երկու մահվան դեպքերով հարուցված քրգործերն առանձնացվել են: Ի դեպ, Գրիգոր Ավետիսյանի սպանության գործն արդեն դատարանում է, Դավիթ Դումիկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Տեղեկություններ կան, որ ապրիլյան պատերազմի օրերին Քարվաճառի դիրքերից մեկում տեղի ունեցած ողբերգության պատճառն այն է եղել, որ կողմերը փորձել են «ամրապնդել իրենց դիրքը» զորամասում: