Քննիչ Միքայել Զադոյանի եւ փաստաբան Գայանե Գալոյանի մասնակցությամբ 3 հազար ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու եւ ստանալու գործից մաս է անջատվել:
NEWS.am-ի տեղեկություններով, պարզվում է՝ անջատված մասով մեղադրանք է առաջադրվել Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալի: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:
Նշենք, որ վարույթն իրականացնող մարմինն օրերս նախաքննության ավարտ է հայտարարել Միքայել Զադոյանի, Գայանե Գալոյանի եւ կաշառք տալու մեջ մեղադրվող Բաբկեն Գասպարյանի մասով: Առաջիկայում գործը կուղարկվի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ քաղաքացի բաբկեն Գասպարյանը որդուն չձերբակալելու եւ նրան առավել մեղմ քրեական պատասխանատվության ենթարկելու համար Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Միքայել Զադոյանին առաջարկել է 3 հազար ԱՄՆ դոլար կաշառք: Քննիչն ընդունել է կաշառք ստանալու առաջարկը եւ իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով մեղադրյալի հորն ուղարկել փաստաբան Գայանե Գալոյանի մոտ` նրա միջոցով կաշառքի գումարը ստանալու եւ քրեական գործի ընթացքն ուղղորդելու համար` նախապես այդ մասին զգուշացնելով փաստաբանին:
Գալոյանը, քննիչի համար վերացնելով անձամբ կաշառատուից գումարն ստանալու պարագայում հավանական բացահայտման խոչընդոտը, Բաբկեն Գասպարյանից 2016թ. դեկտեմբերին ստացել եւ Զադոյանին է փոխանցել 3000 ԱՄՆ դոլար կաշառքը: Այսպիսով, քննիչ Մ. Զադոյանը նախնական համաձայնությամբ, փաստաբան Գ. Գալոյանի օժանդակությամբ եւ միջոցով Բ. Գասպարյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:
Գայանե Գալոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, Միքայել Զադոյանին՝ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ Բաբկեն Գասպարյանին՝ Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Փաստաբանի եւ քննիչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Բաբկեն Գասպարյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:



























