Ձմռանը, երբ սկսվում է ջեռուցման շրջանը, մեծ թիվ են կազմում այն հրդեհները, որոնք առաջանում են տարբեր տեսակի վառելանյութով աշխատող, անվտանգության կասկածելի աստիճանի վառարանների, էլեկտրական ջեռուցիչ սարքավորումների, գազով գործող զանազան սարքերի տեղակայման եւ շահագործման կանոնների խախտումից, ինչպես նաեւ` կրակի հետ անզգույշ վարվելու հետեւանքով:
Պետք է հասկանալ, որ ցանկացած անզգուշություն, հրդեհային անվտանգության կանոնների պահանջների թեկուզ փոքր անտեսում կամ դրանցից շեղում` լի են անուղղելի հետեւանքներով: Որպեսզի այդ վտանգը չդառնա տխուր իրողություն եւ կանխվի չարիքը, հարկավոր է իրականացնել հրդեհային անվտանգության ապահովմանն ուղղված մի շարք միջոցառումներ:
Էլեկտրատնտեսության անսարքություններից եւ զանազան էլեկտրաջեռուցիչ սարքերի սխալ շահագործումից առաջացած հրդեհներից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել էլեկտրատեխնիկական եւ հակահրդեհային մի շարք կանոններ.
• էլեկտրացանցը պետք է մոնտաժեն միայն մասնագետները` համաձայն էլեկտրատեխնիկական եւ հակահրդեհային նորմերի եւ կանոնների,
• արգելվում է ժամանակավոր էլեկտրահաղորդագծերի անցկացումը, ինչպես նաեւ՝ հաղորդալարերը մեխերով ամրացնելը,
• հաղորդալարերի միացումները պետք է կատարել տաք զոդման միջոցով կամ հատուկ սեղմիչների օգնությամբ, իսկ լարերի բաց հատվածները փաթաթել մեկուսիչ ժապավենով,
• էլեկտրական ցանցի ճյուղավորումներն անհրաժեշտ է կատարել պատերի խոռոչներում տեղադրված փոխանցման չայրվող տուփերում, որոնք ծածկվում են կափարիչներով,
• էլեկտրական ցանցը պետք է ապահովված լինի գործարանային ապահովիչներով, որոնք հաշվիչի հետ միասին ամրացվում են չայրվող նյութից պատրաստված տակդիրի վրա, տեղադրվում պատի խոռոչում եւ ծածկվում չայրվող կափարիչով,
• խստորեն արգելվում է ինքնաշեն ապահովիչների, այսպես կոչված՝ «խծուծալարերի» օգտագործումը,
• արգելվում է ինքնաշեն էլեկտրական սպառիչների օգտագործումը,
• չի թույլատրվում էլեկտրական ցանցին միացնել նորմայից շատ էլեկտրասպառիչներ,
• էլեկտրասպառիչների` էլեկտրական ցանցին միացումներն անհրաժեշտ է կատարել միայն վարդակների, եղանիկների եւ հատուկ ծայրապանակների օգնությամբ,
• էլեկտրական տաքացման սարքերը պետք է տեղադրել չայրվող հիմքի վրա, իրերից եւ առարկաներից առնվազն մեկ մետր հեռավորության վրա:
Կարեւոր են նաեւ հրդեհային անվտանգության կանոնները պահպանել թիթեղյա վառարանների հետ առնչվելիս:
Արգելվում է
• վառարանը տեղադրել ելքի-մուտքի ուղիներում եւ թողնել առանց հսկողության,
• վառարանի գործարկման համար օգտագործել բենզին եւ այլ դյուրավառ հեղուկներ,
• բնակելի շենքերում ծխահեռացման համար օգտագործել օդափոխման եւ գազային անցուղիները,
• վառարանը տեղադրել այրվող պատերից, միջնորմներից, ինչպես նաեւ՝ վառողունակ իրերից ու առարկաներից 1.5 մետրից պակաս հեռավորության վրա: Հորիզոնական ծխնելույզների եւ սենյակի փայտյա առաստաղի միջտարածությունը պետք է լինի 1 մետրից ոչ պակաս,
• վառարանի գործարկումն առանց 3 սմ հաստության ավազի շերտով լցված մետաղական տակդիրի, որը վառարանի առջեւի կողմից պետք է դուրս գա 50 սմ, իսկ կողքերից` 25 սմ: Վառարանի ոտքերը պետք է հատակից բարձր լինեն ոչ պակաս 25 սմ-ից,
• վառարանի ծխնելույզը դուրս բերել տանիք: Ծխատար թիթեղյա խողովակները անհրաժեշտ է երկարացնել եւ լուսամուտով դուրս հանել,
• վառարանի վրա, դրան մոտ պահել կամ չորացնել լվացք, վառելափայտ եւ այլ վառողունակ իրեր ու նյութեր,
• գործող վառարանը թողնել առանց հսկողության կամ դրանց հսկողությունը վստահել երեխաներին:
Կենցաղում զանազան գազասարքերից բռնկված հրդեհների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք հիմնականում առաջանում են անզգուշության եւ հրդեհային անվտանգության կանոնների անտեսման հետեւանքով: Շատ հաճախ պայթյունի եւ հրդեհի պատճառ է հանդիսանում գազատար խողովակների կցամիացումների, կարգավորիչ փականների եւ այլ հանգույցների անհերմետիկությունը: Հետեւանքը լինում է այն, որ գազի արտահոսքի դեպքում գազաօդային խառնուրդի որոշակի հարաբերակցության պայմաններում, ջերմային աղբյուրի ազդեցությունից տեղի է ունենում ակնթարթային բռնկում, որն էլ, որպես կանոն, ուղեկցվում է պայթյունով կամ հրդեհով:
Արձանագրված դեպքերի վերլուծությունը վկայում է, որ գազի առկայության դեպքում մեր քաղաքացիների որոշ մասը թույլ է տալիս կոպիտ վրիպումներ, որոնք ծանր, իսկ երբեմն էլ անուղղելի հետեւանքներ են ունենում: Ուստի, խորհուրդ է տրվում գազին բնորոշ հոտ զգալիս առաջին հերթին անհապաղ օդափոխել սենյակը: Այնուհետեւ ստուգել գազասարքի փականների դիրքը: Եթե դրանք գտնվում են փակ վիճակում, օճառի լուծույթով ներծծված սպունգով, այլ ոչ թե բաց կրակով, մանրազննին ստուգել խողովակի եւ ռեդուկտորի միացման հանգույցների հերմետիկությունը: Գազի արտահոսքի տեղը հայտնաբերելիս հուսալիորեն ձգել տվյալ հանգույցի պնդօղակները կամ ճարմանդները: Քանի դեռ սենյակում գազի հոտ է զգացվում, խստորեն արգելվում է լուցկի վառել, ծխել, միացնել կամ անջատել էլեկտրական լուսավորությունը եւ կենցաղային սարքավորումները:
Մեկ անգամ եւս զգուշացնում ենք, որ զանազան էլեկտրաջեռուցիչ սարքավորումների, գազասարքերի եւ վառարանների ոչ ճիշտ օգտագործումը, դրանց հետ անփույթ, անպատասխանատու վարվելն ու հրդեհային անվտանգության կանոնների ամենաաննշան խախտումն անգամ բավական են, որ կորցնեք նյութական արժեքներ, պատճառ դառնաք մարդկանց խեղանդամության կամ մահվան:




























