Ուկրաինայում ՀՀ դեսպանատունը Կիեւում առեւանգված ՀՀ քաղաքացու դեպքի մասին տեղյակ է, աշխատում է քաղաքացու օրինական շահերի պաշտպանության ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց տեղեկատվական քաղաքականության գծով ՀՀ Ուկրաինայի դեսպանի խորհրդական Արման Աբովյանը՝ ավելացնելով նաեւ, որ Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը մշտապես կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ։
Նա, հիշյալ անձի անվտանգության նկատառումներից ելնելով, հրաժարվեց այլ մանրամասներ հայտնել։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեղեկություն չունեն դեպքի առնչությամբ, որեւէ դիմում ոստիկանությունը չի ստացել։
Նշենք, որ հայաստանյան լրատվամիջոցները ավելի վաղ հայտնել էին, որ հիշյալ քաղաքացին հանդիսանում է հայաստանյան օլիգարխներից մեկի որդին, ինչպես նաեւ՝ Հայաստանի մարզպետներից մեկի աներորդին: Ըստ նախնական տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել Կիեւում, որտեղ առեւանգված անձը զբաղվում է խաղային բիզնեսով։




























