Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողների կարգավիճակի» մասին օրենքը: Այս օրենքով ուսման տարկետման իրավունքը սահմանափակվում է: Ուսման տարկետման իրավունքի վերականգնման համար պայքարող ուսանողներն ու կառավարության ներկայացուցիչները մեկ շաբաթ անց պետք է աշխատանքային խումբ ձեւավորեն ու քննարկեն հարցը: NEWS.am-ի հարցին՝ արդյոք սա չի նշանակում, որ տարկետման վերականգնման պահանջի մասով իշխանությունը էական փոփոխությունների չի գնալու, Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է. «Սերժ Սարգսյանի բացառիկ իրավունքն է օրենքի ստորագրումը: Կլոր սեղանի ամբողջ նպատակն այն էր, որ աշխատանքային խմբում տարկետման ձեւը, բովանդակությունը կառավարության որոշմամբ հստակեցնենք՝ինչն է խնդիրը: Մի տարի հետո, վեց տարի հետո եթե օրենքը հետ կանչելու անհրաժեշտություն լինի, դա կքննարկենք: Եթե անբավարար կլինի այդ քննարկումները եւ խնդիր կլինի այնպես չի, որ օրենեքները քարացած են: Կլոր սեղանի հանդիպման ժամանակ երկխոսություն ենք սկսել ուսանողների ու կառավարության միջեւ, որ աշխատանքային խումբ ձեւավորեն ու քննարկեն հարցը»: Շարմազանովը շեշտել է, որ ուսանողների առաջարկներին կփորձեն լուծումներ առաջարկել կառավարության որոշումներով եւ ենթաօրենսդրական ակտերով:
«Մեր խնդիրն է, որ ուսանողների առաջարկները կառավարության որոշումներով լուծվեն: Չի լինելու առաջարկ, որը չի քննարկվելու»,-ասել է ՀՀԿ խոսնակը:




























